Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Ելք, բայց ո՞ւմ համար

30 total views, 1 views today

«Ելք» խմբակցության իրավաբանները պատրաստել են ՍԴ դիմում՝ ՀՀ նախագահի ընտրությունների շուրջ ստեղծված սահմանադրական խառնաշփոթի հարցով։

«Դիմումով Սահմանադրական դատարանից պահանջում ենք հակասահմանադրական ճանաչել ԱԺ կանոնակարգի այն դրույթները, որոնցով նախատեսվում է Հանրապետության նախագահին ընտրել Ազգային ժողովում։

Առաջարկվում է երկրի չորրորդ նախագահի ընտրություններն անցկացնել համաժողովրդական քվեարկությամբ։ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է ԱԺ 21 պատգամավորի ստորագրություն։

ՍԴ դիմումի տեքստը ուղարկել ենք «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներին, առաջարկելով ստորագրել»,- նշված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ՖԲ էջում զետեղված հայտարարությունում։

Խորհրդարանի կողմից հանրապետության չորրորդ նախագահին ընտրելու սահմանադրականության շուրջ խոսակցությունները ծագեցին օրեր առաջ, երբ փաստաբան Վահե Գրիգորյանը տեսակետ հայտնեց, թե նոր Սահմանադրության եզրափակիչ և անցումային դրույթների 209-րդ հոդվածը ենթադրում է նոր նախագահի ընտրություն համաժողովրդական քվեարկությամբ: Եվ ահա, «Ելք» դաշինքը փաստորեն վերցրել է նախաձեռնությունը և մտադիր է դիմել ՍԴ` ըստ էության, պահանջելով դատարանի որոշում, որը հնարավոր կդարձնի չորրորդ նախագահի ուղղակի ընտրությունները:

Իհարկե, «Ելք»-ի պահանջը չի կարող բավարարվել նույնիսկ տեսականորեն, որովհետև նոր Սահմանադրության հեղինակներն արդեն հակադարձել են Գրիգորյանի պնդումներին` դրանք անհիմն որակելով: Սակայն ավելի կարևոր է այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանն արդեն մեկնարկ է տվել գործընթացին` խորհրդարանից «պահանջելով» «ազգային համերաշխության» դրսևորում:

Մյուս կողմից` ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է 21 պատգամավորի ստորագրություն, ինչը ենթադրում է, որ «Ծառուկյան» դաշինքի առնվազն 12 պատգամավոր պետք է ստորագրի «Ելք»-ի դիմումի տակ:

Ստեղծվել է շատ հետաքրքիր իրավիճակ, որտեղ «Ծառուկյան» դաշինքին վերապահված է առանցքային դեր: Բանն այն է, որ Արմեն Սարգսյանին ընտրությունների առաջին փուլում հաղթանակ տանելու, և Սերժ Սարգսյանի ասած «ազգային համերաշխության» կրողը դառնալու համար անհրաժեշտ է «Ծառուկյան» դաշինքի 14 պատգամավորների աջակցությունը, մյուս կողմից` այս խմբակցության 12 պատգամավորի ստորագրությունը պարտադիր է, որպեսզի «Ելք»-ը նախագահական ընտրությունների հարցով կարողանա դիմել ՍԴ:

Պարզ չէ` «Ելք»-ում հաշվարկե՞լ են, թե՞ ոչ, բայց իրենց նախաձեռնությամբ ակամայից ուժեղացրել են «Ծառուկյան» դաշինքի դիրքերը: Իհարկե, Գագիկ Ծառուկյանը հերթական անգամ մերժելու է «Ելք»-ի նախաձեռնությունը` ստանդարտ պատճառաբանությամբ, թե իրենք չեն մասնակցում գործընթացի, որի ձախողումն ի սկզբանե կանխորոշված է:

Մյուս կողմից` իր այս կեցվածքի համար «Ծառուկյան» դաշինքը կարող է գին պահանջել ՀՀԿ-ից կամ Սերժ Սարգսյանից` ուժեղացնելով իր համակարգային կշիռը:

Սակայն խնդիրն ունի այլ կողմ ևս, և դա այն է, որ «Ելք»-ի այս նախաձեռնությունից չեն շահում ոչ դաշինքը, ոչ էլ ժողովրդավարությունն ու սահմանադրական կարգը: Քաղաքական գործընթացը, ըստ էության, անլրջանում է, որովհետև «Ելք»-ը սեփական հեռանկարային օրակարգը ձևակերպելու փոխարեն, ըստ էության, իր պոտենցիալը, ռեսուրսը մսխում է ներիշխանական բազարներում` դրա դիմաց չստանալով որևէ շոշափելի դիվիդենտ: Այս համատեքստում ավելի մշուշոտ է դառնում տեսանելի ապագայում իրական այլընտրանքի ձևավորման հեռանկարը: