Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Սերժ Սարգսյանի դասը խորհրդարանական մոդելի վտանգավորության թեմայով

56 total views, 1 views today

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը այլևս չի թաքցնում, որ այդ պաշտոնը իրեն պետք է բացառապես փող աշխատելու և իր բիզնես շահերն առաջ տանելու համար: Հիմա նա ավելի մեծ ախորժակ է դրսևորում, համարելով, որ կարող է օգտվել երկրի ֆորմալ ղեկավարը լինելու իր մեկշաբաթյա արտոնությունից:

Այսօր Հայաստանի խորհրդարանը կքվեարկի Դեղերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, և գուցե պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանական մեծամասնությունը դեմ դուրս կգա կառավարությանը: Համենայնդեպս, խորհրդարանի ՀՀԿ-ական խմբակցության պատգամավորների մի մասը որոշել է անցկացնել իրենց ուզած օրենքի մի նախագիծ, որին դեմ է կառավարությունը: Կառավարության ներկայացուցիչը՝ առողջապահության փոխնախարարը հարկ չէր համարել գալ խորհրդարան, թերևս հասկանալով, որ սա այն դեպքը չէ, որ ՀՀԿ-ականները ցանկություն ունեն լսել կառավարության դիրքորոշումը: Այս նախագիծը պառակտել է ոչ միայն ՀՀԿ-ական խմբակցությունը, այլ նաև ԲՀԿ-ն, իսկ մյուս խմբակցությունների դիրքորոշումը պարզ կլինի այսօր:

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հանձնաժողովի ևս հինգ անդամների հետ ներկայացրել է օրենքի նախագիծ, որով առաջարկում է փոփոխություն կատարել Դեղերի մասին օրենքում, և այլ երկրներից դեղեր ներմուծելու իրավունք տալ ոչ միայն համապատասխան լիցենզիա ունեցող ընկերություններին, այլ նաև հիվանդանոցներին: Նրանք իրենց այս առաջարկը հիմնավորում են հիվանդների նկատմամբ ունեցած հոգածությամբ, և ըստ իրենց տրամաբանության, եթե հիվանդանոցները սկսեն իրենք դեղ ներմուծել, ապա այդ դեղերը կլինեն էժան և հիվանդանոցներն էլ ավելի մատչելի ծառայություններ կմատուցեն հիվանդներին: «Արաբկիր» բժշկական կենտրոնի սեփականատեր Արա Բաբլոյանը, որը համատեղության կարգով արդեն գրեթե մեկ տարի զբաղեցնում է ԱԺ նախագահի պաշտոնը, ասում է, որ իրենց նպատակն է դեղերը դարձնել ավելի մատչելի, հասանելի և որակյալ: Նա փորձում է բացատրել, որ կան դեղեր, որոնց պահանջարկն այնքան փոքր է, որ դեղագործական ընկերությունների համար կոմերցիոն հետաքրքրություն չի ներկայացնում այդ դեղերի ներմուծումը, և այդ դեղերի կարիքն ունեցող հիվանդները մնում են առանց դեղորայքի: Իսկ այ եթե հիվանդանոցները իրավունք ունենան դեղ ներմուծելու, ապա նույնիսկ վնաս կրելով կներմուծեն՝ հանուն հիվանդի առողջության: Բոլոր նրանք, ովքեր գեթ մեկ անգամ դժբախտություն են ունեցել շփվել Հայաստանի հիվանդանոցների հետ, կարող են հաստատել, թե ինչպիսի հումանիստներ են ղեկավարում այդ հաստատությունները, և որ Հայաստանի հիվանդանոցներում կարևորը մարդու կյանքն ու առողջությունն է, իսկ նյութական շահն ուղղակի ածանցյալ երևույթ: Արա Բաբլոյանն էլ հումանիզմի ու նյութապաշտությունը մերժելու կենդանի օրինակ է համարում Մայր Թերեզայի հայկական տարբերակը:

Այս նախագծին դեմ խոսեցին միայն «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավորները, և այն էլ ոչ բոլորը: ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ իրենք դեմ չեն դեղերի շուկայի ազատականացմանը, որտեղ դեղ ներմուծելու լիցենզիա ունի 150 ընկերություն, բայց դեղերի 75 տոկոսը ներմուծում է 5 ընկերություն, բայց ոչ այս տարբերակով: Մելքումյանն ասում է, որ դեղ ներմուծողն ու ծառայություն մատուցողը՝ հիվանդանոցը, պետք է տարբեր լինեն, որովհետև դժվար կլինի հետևել, թե արդյոք հիվանդանոցը դեղը ներմուծեց միայն սեփական կարիքների համար, թե նաև այն գաղտնի վաճառում է: Բացի դրանից՝ պետք է ուսումնասիրել, թե ինչու մյուս ընկերությունները դեղ չեն ներմուծում, արդյոք շուկան ոչ ֆորմալ քվոտավորված չէ: Սերգեյ Բագրատյանն ավելի կարևոր վտանգի մասին զգուշացրեց: Պատգամավորը կարծում է, որ այս փոփոխության արդյունքում հիվանդանոցներում դեղերը էժանանալու փոխարեն կթանկանան, որովհետև եթե հիվանդանոցը չկարողանա իրացնել իր ներմուծած դեղը և այն դառնա ժամկետանց, այդ դեղերի արժեքը ևս կմտնի մյուս դեղերի գնի մեջ: Չի բացառվում նաև, որ հիվանդանոցները իրենց դեղերը սպառելու համար մարդկանց անիմաստ դեղեր նշանակեն, և հիվանդը բացի իր ունեցած հիվանդությունից, բուժվի նաև մի քանի այլ հիվանդությունների դեմ: Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց պատգամավորներին չզբաղվել իրենց բիզնես շահերը առաջ տանելով, թերևս նկատի ունենալով նույն Արա Բաբլոյանին, և կանխատեսեց, որ հիվանդանոցներն իրենց բերած դեղերը կվաճառեն մի քանի անգամ թանկ, հիվանդին թույլ չտալով այլ աղբյուրից մատչելի դեղ ձեռք բերել: Եվ միայն Վարդան Բոստանջյանն էր, որ երբ ամբիոնին մոտեցավ հրահանգ ստացավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից՝ Վարդան Բաբկենիչ, մի հատ սրբագրի: Բաբկենիչն էլ սրբագրեց, ու այն էլ իր սեփական խմբակցությանը, հայտարարելով որ նա համակարծիք չէ Միքայել Մելքումյանի և Սերգեյ Բագրատյանի հետ, և կողմ է այս օրենքի նախագծին:

Նախագծին մի քիչ դեմ էր ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը, որն առաջարկում էր, որ դեղեր ձեռք բերելու լիցենզիան լինի առաջվա նման՝ մանրածախի և մեծածախի միջև տարբերություն չլինի: Նիկոյանն էլ իր բիզնես շահը ունի, նա դեղատներ ունի, և ուզում է, որ ինքն էլ դեղ ներմուծելու իրավունք ստանա: Բայց Հակոբ Հակոբյանը նրան շատ նուրբ հասկացրեց, որ դա չլինող բան է, միայն հիվանդանոցները նման իրավունք կունենան: Պետք է հարմարվի Նիկոյանն իր կարգավիճակի հետ. նա չէ ԱԺ նախագահը, այլ Արա Բաբլոյանը:

Հարց է առաջանում, արդյոք երկրի իրական ղեկավարը՝ Սերժ Սարգսյանը չգիտի այս մասին, չգիտի, թե իր ղեկավարած կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավորները ինչ անհեթեթությամբ են զբաղված, ինչ անկապ օրենքներ են ընդունում, թե իսկապես երկրում այնպիսի անիշխանություն է, որ ՀՀԿ-ականները կարող են անել այն, ինչ խելքներին փչում է: Կարծում ենք՝ առնվազն միամիտ պետք է լինել նման բան մտածելու համար: Ավելի հավանական է թվում այն տարբերակը, որ իշխանությունը ուզում է այս մեկ օրինակի վրա ցույց տալ, թե ինչի կվերածվի երկիրը եթե իսկապես անցում կատարվի խորհրդարանական կառավարման, ինչ կանեն պատգամավորները, եթե նրանք իսկապես զգան, որ իրենք հարց լուծող են: Արա Բաբլոյանն ու Հակոբ Հակոբյանը, և մյուս պատգամավորները մի քանի օրում օրենք կընդունեն Հայաստանի Հանրապետությունն իրար մեջ բաժանելու և մի այլ օրենքով էլ իրար մեջ կբաժանեն Հայաստանի բնակչությանը: Գուցե այս ձևով են որոշել մարդկանց մոտ ձևավորել գիտակցում առ այն, թե ինչ ողբալի հետևանքների կհասցնի կոլեկտիվ կառավարումը, և թե ինչու է հայ մարդկանց հակացուցված կոլեկտիվ որոշում կայացնելու հնարավորություն ընձեռել: Որովհետև սարսափել կարելի է այն հեռանկարից, եթե մի պահ պատկերացնենք, թե ինչ կլինի, եթե որոշում կայացնողները լինեին Հակոբ Հակոբյանը՝ իր հանձնաժողովով, իսկ Բաբլոյանի մասին մտածելը վտանգավոր է՝ առողջապահական նկատառումներից ելնելով:

Ավելի հավանական է, որ այսօր առավոտյան ՀՀԿ-ականները արդեն վերադաստիարակված կլինեն և դեմ կքվեարկեն իրենց իսկ ներկայացրած օրենքի նախագծին: Բայց եթե նույնիսկ դա տեղի չունենա վաղը, ապա նախագծի մերժումը տեղի կունենա երկրորդ ընթերցման ժամանակ, երբ երկրում կլինի մեկ մարդու իշխանություն, և ոչ թե խորհրդարանական կառավարում, ինչպես այս մեկ շաբաթվա ընթացքում: