Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Սարսափած ու զարմացած Վենգերը. Մխիթարյանի ու Ջակայի բացակայության հետևանքը

49 total views, 1 views today

Լոնդոնի «Արսենալը» դժվարություններ ունեցավ Եվրոպա լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ խաղում: Ռուսական ակումբը զգալի առավելություն ուներ և թելադրողի դերում էր: ԲԿՄԱ-ն «Արսենալի» արգելքը չհաղթահարեց վարպետության պակասի հետևանքով: 2:0 հաշվի ժամանակ ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները մի քանի լավ հնարավորություն բաց թողեցին 3-րդ գնդակը խփելու: Այդ դեպքում Արսեն Վենգերի համար դժվար կլիներ շտկել իրավիճակը:

Տարիներ շարունակ Արսեն Վենգերին չի հաջողվում լուծել կայունության հետ կապված խնդիրը: Դեպքերը շատ են, երբ «Արսենալը» տպավորիչ ֆուտբոլ ցուցադրելուց մի քանի օր հետո աչքի է ընկնում դժգույն և թույլ խաղով: Երեկ նկատելի չէր, թե ինչ մարտավարությամբ է պայքարում «Արսենալը»: Խաղալով երկրորդ համարով՝ «Արսենալի» ֆուտբոլիստները մեծ դժվարությամբ էին դուրս գալիս սեփական կիսադաշտից: Խնդիրները շատ էին հատկապես դաշտի կենտրոնական հատվածում:

Բացի Հենրիխ Մխիթարյանից՝ այս հանդիպումը բաց թողեց նաև մեկ այլ կիսապաշտպան՝ Գրանիտ Ջական, որը խաղից առաջ գրիպով է վարակվել: Միջին հատվածում չէր ստացվում Աարոն Ռեմսիի համագործակցությունը Էլնենիի և Ուիլշերի հետ: Խաղը փորձում էր իր վրա վերցնել Մեսութ Օզիլը, սակայն չկար այն ֆուտբոլիստը, որը պետք է համագործակցեր նրա հետ: Ինչ վերաբերում է կենտրոնական հարձակվող Ալեքսանդր Լակազետին, ապա այս ֆուտբոլիստն ընդհանրապես կտրված էր խաղից: Կարծում ենք՝ այս մրցավեճում «Արսենալի» խաղն իր արագությամբ կարող էր փոխել Մխիթարյանը: «Արսենալի» երեկվա կազմից որոշակի վերապահումով արագ ֆուտբոլիստ կարելի է համարել Ուելբեքին, որը, սակայն, շատ դեպքերում կտրված էր խաղից:

Նկատենք նաև, որ «Արսենալը» հաջողության հասավ այն ժամանակ, երբ կարգով անհամեմատ ավելի ցածր մրցակիցը վատնել էր ուժերը և չէր հասցնում արագ նահանջել: «Մենք չէինք կարողանում կենտրոնանալ: 2:0 հաշիվն իսկապես սարսափեցնող էր: Խաղավարտին կարողացանք հակագրոհներ ձեռնարկել և փրկվել: Դեռևս առաջին հանդիպման ժամանակ պարզ էր, որ ԲԿՄԱ-ն լավ թիմ է: Պետք է խոստովանեմ, որ առաջին կեսում ռուսական ակումբը զարմացրեց ինձ: Մենք թույլ տվեցինք, որ մրցակիցը զգալի առավելություն ստանա: Մեր առաջին գոլը հոգեբանորեն կոտրեց ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստներին: Նրանք չկարողացան կենտրոնացնել ուժերը, քանզի գիտակցում էին, որ երկու գոլ խփելը այնքան էլ հեշտ չի լինելու: Ինչ վերաբերում է վնասվածք ստացած ֆուտբոլիստներին, ապա նրանց բացակայությունը զգացնել տվել:

Գիտեք, որ Մխիթարյանը ծնկահոդի վնասվածք է ստացել: Նա ևս երկու շաբաթ չի կարող օգնել: Բայց անհանգստանալ պետք չէ: Մենք ունենք պրոֆեսիոնալ բժշկական շտաբ, և Մխիթարյանը հանգամանորեն անցնում է վերականգնման փուլը: Ինչ վերաբերում է Ջակային, ապա հուսով եմ, որ մոտ օրերս նա շարք կվերադառնա: Առանց Մխիթարյանի և Ջակայի իսկապես ծանր է»,- խաղից հետո ասել է ֆրանսիացի մասնագետը:

Այս հանդիպումից հետո «Արսենալին» քննադատության է ենթարկել այս թիմի նախկին կիսապաշտպան, բելառուս Ալեքսանդր Գլեբը: «Լոնդոնյան ակումբը ակնհայտորեն թերագնահատել էր մրցակցին: «Արսենալի» պես ակումբն իրավունք չունի խաղ ցուցադրելու: Այո, իմ նախկին թիմը Լոնդոնում հաղթել էր խոշոր հաշվով, բայց յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է լրջորեն մոտենա ցանկացած հանդիպման: Կարծում էին, որ Մոսկվայում նույնքան հեշտ է լինելու, որքան տանը, և հանգիստ էին: Դա սխալ էր: Տևական ժամանակ «Արսենալի» ֆուտբոլիստներին չէր հաջողվում խաղի մեջ մտել: Եթե «բանակայինները» 3-րդ գոլը խփեին, վստահ եմ՝ Վենգերի թիմը ուղղակի դուրս կմնար Եվրոպա լիգայի խաղարկությունից, և ֆրանսիացի մարզիչը վերջնականապես կձախողեր մրցաշրջանը: Ցավում եմ ռուսական ակումբի համար: Հաջորդ փուլ անցնելու համար փոքր քայլ էր մնացել անել, բայց սա ֆուտբոլ է: Մինչև «Արսենալի» առաջին գոլը՝ չէի էլ կասկածում, որ ԲԿՄԱ-ն ճզմելու է հյուրերին: Ուզում եմ շնորհավորել ԲԿՄԱ-ի մարզչին: Նա ստեղծել է ամուր կոլեկտիվ և կարողացավ ճզմել «Արսենալի» պես հզոր թիմին»,- նշել է Գլեբը:

Ի դեպ, Վենգերը 5-րդ անգամ իր մարզչական կարիերայում եվրագավաթային խաղ անցկացրեց Ռուսաստանում և կրկին չկարողացավ հաղթանակի հասնել: Այդ բոլոր 5 խաղերում ֆրանսիացի մասնագետը կրել է 2 պարտություն և 3 խաղ էլ ավարտվել է ոչ-ոքի: Վենգերի ֆուտբոլիստները խփել են 3 և բաց թողել 7 գնդակ:

Ինչևէ, հաջորդ հանդիպումն «Արսենալն» անցկացնելու է ապրիլի 15-ին՝ Պրեմիեր լիգայի շրջանակներում մրցելով «Նյուքասլի» հետ: Ապրիլի 22-ին էլ «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում կխաղա «Վենթ Հեմի» հետ: Ապրիլի 26-ին լոնդոնյան ակումբը կանցկացնի Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակչի առաջին հանդիպումը: Կան հույսեր, որ այդ հանդիպմանը Մխիթարյանը կկարողանա մասնակցել: Նշենք, որ այս խաղից ընդամենը երեք օր հետո «Արսենալը» մրցելու է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Երկրպագուները անհամբերությամբ են սպասում տեսնել Մխիթարյանին իր նախկին թիմի դեմ մրցավեճում: