Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Չարաշահումների շղթան կբացահայտվի՞. նոր ձերբակալություններ են սպասվում

54 total views, 1 views today

Քննչական կոմիտեն չարաշահումների դեպք է բացահայտել Վանաձորում սոցիալական աջակցության տրամադրման գործընթացում։ Ընդ որում, այդ չարաշահումները երկարատև բնույթ են կրել։ Շուրջ 12 տարի՝ 2006-2018 թվականների ընթացքում Լոռու մարզպետարանի աշխատակազմի Վանաձորի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակիցը, մի շարք բնակիչների նպաստառուների ցուցակում ընդգրկելու, նպաստ տրամադրելու համար վերջիններից տարբեր ժամանակահատվածներում պահանջել և ստացել է գումար: Նախնական տվյալներով՝ գումարներն ստանալու գործընթացում մարզպետարանի աշխատակցին օժանդակել է «Հայփոստ» ՓԲ ընկերության Ազնվաձորի փոստային մասնաճյուղի աշխատակիցը: Քննությամբ արդեն պարզվել են 5 տարբեր անձանց նպաստի տրամադրումը կազմակերպելու համար ապօրինի վարձատրություն պահանջելու և ստանալու դեպքեր։

Ուշագրավ է, որ այս մեխանիզմը գործում է գրեթե բոլոր մարզերում։ Ոչ նպաստառու ընտանիքներին նպաստ ստացողների ցուցակում ընդգրկելու համար համայնքապետերը, սոցիալական աշխատողները տարիներ շարունակ գումար են պահանջում և ստանում։ Երբեմն այդ ընտանիքներից պահանջում են նախնական 4-5 ամսվա նպաստի չափով գումար, որպեսզի այդ ընտանիքներին դարձնեն սոցիալապես անապահով և ընդգրկեն նպաստառուների ցուցակում։

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում վրդովվեց «քննչական կոմիտեի սխալի վրա, որ այդ աշխատակցին կապել են մարզպետարանի հետ։ «Քննչական կոմիտեն սխալ ինֆորմացիա է տարածել։ Այդ ձերբակալվածը մարզպետարանի սոցիալական աշխատող չէ։ Չգիտեմ՝ այդ ինֆորմացիան որտեղից է տարածվել։ Բանը նրանումն է, որ 2006 թվականինց Գուգարք և Վանաձոր տարածքների սոցիալական ծառայությունն ամբողջությամբ իրականացվում է Վանաձորի քաղաքապետարանի կողմից։ Լոռու մարզպետարանի աշխատակազմը այդ իմաստով ընդհանրապես անելիք չունի»,-ասաց մարզպետը։

Մեր դիտարկմանը, թե մարզպետը չէր կարո՞ղ ոչ մի կերպ վերահսկողություն իրականացնել, որ այդ կարգի չարաշահումներ չիրականացվեին, Արթուր Նալբանդյանը պատասխանեց. «Մարզպետարանը այդ հատվածը չի վերահսկում։ Ձերբակալվածը Վանաձորի քաղաքապետարանի աշխատակից է։ Տեղական ինքնակառավարումը ենթադրում է, որ քաղաքը, համայնքը ինքն է իրեն ղեկավարում։ Մենք միայն 3 տարին մեկ անգամ տեսչական ստուգումներ ենք իրականացնում, բայց ոչ սոցիալական մասով»։ Նա նաև հավաստիացրեց, որ մեծագույն ցանկության դեպքում էլ իրենք չէին կարող իմանալ և կանխել չարաշահումները։

Մինչ Լոռու մարզպետը պնդում է, որ ձերբակալված աշխատակիցը Վանաձորի քաղաքապետարանի աշխատակից է, Վանաձորի քաղաքապետ մամիկոն Ասլանյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իր հերթին պնդեց, թե այդ աշխատողը եղել է սոցապնախարարության ենթական և պատվիրակված լիազորություն է իրականացրել։ «Նրանք առանձին ստորաբաժանում են, պատվիրակված լիազորություններ են իրականացնում և իրենց նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է սոցապնախարարությունը։ Աշխատավարձը մենք՝ քաղաքապետարանն է տալիս, բայց վերահսկողությունը նախարարությանն է»,- ասաց քաղաքապետը։

Մեր դիտարկմանը, թե որպես քաղաքապետ, ինքը չէ՞ր կարող իմանալ, որ այդ ստորաբաժանումը, այդ աշխատողները բացահայտ թալանով են զբաղված իր քթի տակ, Ասլանյանը պատասխանեց. «Բնականաբար, ոչ։ Բայց ես այս դեպքից հետո հանձնարարականներ եմ տվել, խորհրդակցություն եմ հրավիրել և ասել եմ, որ մեր անունի հետ չխաղան, մեր անունը չշոշափվի, քաղաքացիների հետ հարաբերություններում պետք է թափանցիկություն լինի, նման աղմկոտ երևույթները բացառվեն»։

Մեր դիտարկմանը, թե բացառո՞ւմ է, որ այլ օղակներում ևս նման կոռուպցիոն մեխանիզմներ կան, Ասլանյանը նկատեց. «Ես բացառում եմ։ Համայնքապետարանի վերահսկողության տակ գտնվող օղակներում չի կարող նման բան լինել, բացառում եմ»։

Նշենք, սակայն, որ մեզ հասած տեղեկություններով՝ այս դեպքի բացահայտումից հետո տարբեր մարզերում, գյուղապետերին և սոցիալական աշխատողներին հստակ հրահանգ է եղել կազմակերպված ձևով վերացնել բոլոր խախտումները, չարաշահումները, փաստաթղթերը վերանայել, քանի որ չի բացառվում, որ այս դեպքից հետո համատարած ստուգումներ են սկսվելու և ոչ մեկի նկատմամբ ներողամտություն չի ցուցաբերվելու։ Նույն տեղեկությունների համաձայն՝ ստուգվելու են հատկապես նպաստառու ընտանիքների ցուցակները, դրանց համապատասխանելիությունը իրականությանը։

Հիշեցնենք՝ ապրիլի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ստացվել և վարույթ է ընդունվել Վանաձորում քաղաքացիներին սոցիալական օգնություն ցուցաբերելու համար գումար պահանջելու և ստանալու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311. 1–րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 312.1-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը: