«Լուսավոր Հայաստան»-ը կողմ կքվեարկի բյուջեի կատարողականին

Խորհրդարանում շարունակվում է 2018-ի պետական բյուջեի կատարողականի քննարկումները:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց՝ քննարկում են մի բյուջեի կատարման հաշվետվություն, որին դեմ է քվեարկել այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ընդդիմադիր պատգամավորը քննադատեց կատարողականը՝ նշելով՝ արդյունքներն ավելի շատ լավը կարող էին լինել, եթե Կառավարությունը լիներ մի քիչ ավելի լսող, մի քիչ ավելի համագործակցային, մի քիչ ավելի ներառական մոտեցումներ ցուցաբերող։

Նրա խոսքով՝ Կառավարությունը պետք է բեկումնային քայլեր իրականացներ, որը չի արել։

«Մենք պատրաստ ենք ամեն մի լավ նախաձեռնություն մինչև վերջ աջակցել։ Մեր մտավոր ներուժը, կադրային ներուժը բավարարում է գեներացնել լուրջ փաստաթղթեր, բավարարում է գեներացնել մոտեցումներ, որոնք կարող են ռեալ փոփոխություններ բերել, մնում է միայն ուղղակի լինել մի քիչ համագործակցային, ներառական, չբաժանել մարդկանց խմբերի և լինել բոլորի ներկայացուցիչը և որևէ կերպ չտարանջատվել որևէ մեկից», – ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ շարունակելով. – «Մենք գտնում ենք, որ պետք է արագացնել բոլոր կարևոր ռեֆորմները»։

Վերջում Մարուքյանը հայտարարեց, որ այդուամենայնիվ «Լուսավոր Հայաստան»-ն այս անգամ կողմ կքվեարկի բյուջի կատարողականին։