Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

18 թիմ մասնակցության հայտ է ներկայացրել. Ա. Նազարյանը՝ Ա լիգայի և Ադրբեջանի արձագանքի մասին

65 total views, 1 views today

Ավարտվեց Բասկետբոլի Ա լիգայի 2017-2018 թթ. խաղարկությունը, որտեղ հաղթող հռչակվեց «Արցախ» ակումբը: Ա լիգայի երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց «Արթիկը», իսկ լավագույն եռյակը եզրափակեց Երևանի «Ուրարտուն»: Կանոնավոր առաջնությունում էլ հաղթող ճանաչվեց «Ուրարտու» ակումբը, իսկ Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեց «Արթիկը»: Տեղի ունեցած մրցաշարը նշանակալի իրադարձություն կարելի է համարել: Տևական ժամանակ մեր երկրում չէր անցկացվել բասկետբոլի կանոնավոր առաջնություն: Հայաստանի ազգային հավաքականի հաջող ելույթները միջազգային ասպարեզում և Ա լիգայի առաջնությունը մեր երկրում բասկետբոլային իրական բում են առաջացրել:

Ավարտված առաջնության և հետագա ծրագրերի մասին «Առաջին լրատվական»-ը զրուցել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի հետ:

– Ինչպե՞ս կգնահատեք ավարտված Ա լիգան, որը աննախադեպ երևույթ էր հայկական բասկետբոլում:

– Հաշվի առնելով, որ Ա լիգան անցկացվում էր առաջին անգամ, արդյունքները տպավորիչ են և հուսադրող: Հայաստանում ձևավորվում է բասկետբոլային մշակույթ, ինչը թույլ կտա հետագայում ավելի մասսայականացնել մարզաձևը: Շատ ուրախալի էր, որ եզրափակիչում հայտնվեցին ոչ երևանյան թիմեր, ինչը փաստում է, որ մարզերում ևս բասկետբոլը մեծ զարգացում կարող է ապրել: Ցանկացած մարզաձևի առաջնություն, որը կենտրոնացած լինի միայն Երևանի վրա, դատապարտված է անհաջողության: Եզրափակիչ խաղերին մի քանի հարյուր հանդիսականներ էին եկել Արթիկից և Արցախից, ինչը Ա լիգայի գլխավոր ձեռքբերումն է: Բասկետբոլն առանց հանդիսականների հնարավոր չէ պատկերացնել:

– Հայկական ակումբների մակարդակը թո՞ւյլ է տալիս մասնակցել եվրագավաթների խաղարկություններին:

– Այս պահին՝ ոչ: Եվրագավաթներին հիմնականում մասնակցում են 1 մլն դոլարից ավելի բյուջե ունեցող թիմեր, իսկ հայկական թիմերը տարեկան ծախսում են 35-60 հազար ԱՄՆ դոլար: Բացի այդ, եվրագավաթներին մասնակցող թիմերը բավական երկար ճանապարհ են անցել, ունեն սեփական կադրեր: Մեզ համար դեռ վաղ է խոսել եվրագավաթների մասին:

– «Արցախի» հաղթանակը բուռն արձագանք է ստացել Ադրբեջանում, որտեղ կարծում են, որ տեղի ունեցածը օրինականությունից դուրս է:

– Այդ հարցին բազմիցս անդրադարձել ենք՝ նշելով, որ Ա լիգան սիրողական և անկախ մրցաշար է, որին կարող է մասնակցել ցանկացած թիմ: Բնականաբար, մենք լավ տիրապետում ենք ՖԻԲԱ-ի կանոնադրությանը և թույլ չենք տա, որ խախտվեն գործող օրենքները:

– Ինչպիսի՞ն կլինի Ա լիգայի հաջորդ առաջնությունը:

– Մասնակցել ցանկանում են շատերը, և առաջիկայում կքննարկվեն ստացված հայտերը: Ա լիգայի նախագահ Արա Պողոսյանն առաջիկա օրերին հանդիպումներ կունենա ակումբների հետ, ապա կկայանա ընդհանուր ժողով, որտեղ կքննարկվեն հաջորդ մրցաշրջանին առնչվող հարցեր: Ամենայն հավանականությամբ Ա լիգային կմասնակցեն 8-10 թիմեր:

– Այս պահին կան ձևավորված թիմեր, որոնք չեն մասնակցել ավարտված մրցաշարին:

– Ընդհանուր առմամբ 17-18 հայտ է եկել, որոնցից 2-ը՝ Լիբանանից, 1-ը՝ Իրանից և 1-ը՝ Ռուսաստանից: Բոլորն էլ հայկական կազմակերպություններ են, որոնք ցանկանում են Հայաստանում բասկետբոլային ակումբներ հիմնել: Մինչև հունիս պարզ կդառնա, թե ովքեր են ի վիճակի մասնակցել Ա լիգային, իսկ ովքեր՝ ոչ, քանի որ միայն հայտ ներկայացնելը շատ քիչ է:

– Կա՞ն մարդիկ և կազմակերպություններ, որոնք աջակցում են Ա լիգային:

– Լիգան գլխավոր հովանավոր չունի, ինչը բարդացնում է աշխատանքները: Հեռարձակումները իրականացվում են «Վիվարո»-ի աջակցությամբ: Մրցավարներին և վիճակագրության աշխատակիցներին հունվարից վճարում է ֆեդերացիան: Ա լիգայի առաջնային նպատակը պետք է դառնա գլխավոր հովանավոր գտնելը, որը թույլ կտա առաջընթաց գրանցել: Նման լիգաներն առանց գլխավոր հովանավորի երկար կյանք չեն կարող ունենալ: Տեղյակ եմ, որ Ա լիգայի ղեկավարությունը ներկայումս բանակցում է մի քանի ընկերությունների հետ:

Հ.Գ.-Մրցաշարի լավագույն խաղացողներն են՝

Պաշտպան – Էդգար Բաբայան (Ուրարտու)

Խաղարկող – Ալեքսա Սիմովիչ (Արցախ)

Կենտրոնական – Արման Հակոբյան (Արթիկ)

Թեթև հարձակվող- Ալբերտ Թադևոսյան (Արցախ)

Ծանր հարձակվող – Անդրեյ Կոնստանտինով (Արթիկ)

MVP-ն բաժին հասավ Ալբերտ Թաևոսյանին «Արցախ» ակումբից: