Փողոցային պայքարը մեծացնում է ՀՀԿ-ԲՀԿ դաշինքի հավանականությունը

8 total views, 1 views today

Խորհրդարանում վարչապետի ընտրության ժամանակ «Ելք» խմբակցությունը վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին մեղադրում էր ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսը չարաշահելու և համատարած ընտրակաշառք բաժանելու միջոցով ՀՀԿ-ի համար տոկոսներ խփելու մեջ: Սերժ Սարգսյանը փորձում էր հերքել այդ մեղադրանքները՝ ասելով, որ գուցե ինչ-որ մեկը ընտրությունների ժամանակ բարեգործությամբ զբաղվել է, սակայն ընտրողների համատարած կաշառման փաստեր իրեն հայտնի չեն: Սա ասվում է՝ ի պատասխան ՀՀԿ-ականների այն քաղաքագիտական պնդումների, որ իրենք 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեծամասնություն են ստացել, և հիմա լեգիտիմ իրավունք ունեն որոշելու, թե ով է լինելու վարչապետը, ով է լինելու երկրի փաստացի ղեկավարը:

Հայաստանում իշխանավորների լեգիտիմության հարցը մշտապես կասկածի տակ է դրվել, որովհետև գրեթե բոլոր ընտրություններն անցել են մասսայական խախտումներով, և ընտրությունների արդյունքները չեն արտահայտել հանրային տրամադրությունները: Սկզբում ընտրությունները կեղծում էին քվեատուփերը գողանալու և դրանց պարունակությունը փոխելու, ընտրական կարուսելներ կազմակերպելու, քվեատուփ խրձերով քվեաթերթիկներ լցնելու, քվեաթերթիկները հաշվելու ժամանակ ընտրատեղամասերը հոսանքազրկելու ու մթության քողի տակ քվեաթերթիկները փոխելու և այլ բացահայտ ու թաքնված ընտրակեղծարարությամբ: Ու քանի որ այդ բոլոր ընտրակեղծիքները բացահայտվում էին և արձանագրվում, ընտրությունների արդյունքները դառնում էին վիճելի, ու հաղթող հռչակված անձը կամ կուսակցությունը զրկվում էր լեգիտիմությունից, իշխանությունը դառնում էր բռնազավթված:

2017թ. խորհրդարանական ընտրությունները իշխանությունը որոշեց կազմակերպել ցիվիլ, առանց բացահայտ բռնության և կեղծիքի: Իշխանությանը թվում էր, որ բավարար է ընտրողներին մասսայաբար կաշառել, որ մարդիկ իրենց կամքով գնան ընտրատեղամաս ու քվեարկեն իշխանության օգտին, և լեգիտիմության թեման կփակվի: Իշխանությունը համոզված էր, որ եթե մարդիկ իսկապես քվեարկեն իրենց թեկնածուների օգտին, դա իրենց իշխանությանը կապահովի այդքան պակասող օրինականությամբ, և իրենք այլևս ստիպված չեն լինի ընտրություններից հետո դիմագրավել հանրային դժգոհության և բողոքի ալիքին:

2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո թվաց, թե այդ հնարքը իսկապես աշխատել է, և հանրությունը չըմբոստացավ ու դուրս չեկավ փողոց: Բայց դա տեղի է ունենում մեկ տարի անց, և հասարակությունը, ըստ էության, վիճարկում է ՀՀԿ-ի նախագահ ընտրելու օրինական իրավունքը՝ այդպիսով վիճարկելով 2017թ. ընտրությունների օրինականությունը:

Ինչպես նշեցինք, Սերժ Սարգսյանը հերքում է ընտրողների մասսայական կաշառման փաստը, սակայն միևնույն ժամանակ ասում է, որ 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ չօգտագործվեցին ավանդական ընտրակեղծարարության մեթոդները, և խոստանում է հաջորդ ընտրությունների ժամանակ վերացնել ընտրակաշառքի հետ կապված կասկածները: Երևի ընտրողներին ենթարկելու են հիպնոսի կամ այլ բարձրտեխնոլոգիական ազդեցության, որպեսզի նրանք գնան ու քվեարկեն ՀՀԿ-ի օգտին, որովհետև Սերժ Սարգսյանը մտադիր չէ զիջել իշխանությունը: Բայց մինչև նոր ընտրություններ հասնելը, գործող իշխանությունը դեռ պետք է լռեցնի հանրային դժգոհությունը և դա կարող է անել միայն մի դեպքում, եթե հանրությանը ապացուցի, որ ինքը ունի կառավարելու լեգիտիմ և օրինական իրավունք: Իսկ դա հնարավոր է եթե իշխանությունը գնա քաղաքական ուժերի ավելի լայն կոնսոլիդացիայի, մասնավորապես դաշինք կազմի «Ծառուկյան» դաշինք խմբակցության հետ:

Ի տարբերություն ՀՀԿ-ի՝ «Ծառուկյան» դաշինքը խորհրդարանում տեղեր է ստացել ընտրողների ինքնաբուխ քվեարկության արդյունքում: Դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր էլ ունի հանրային մեծ լեգիտիմություն ու հեղինակություն, և նրա միանալը իշխանությանը կարող է փոխել ուժերի բալանսը հասարակության ներսում: Մաս կազմելով իշխանական կոալիցիային՝ Ծառուկյանը կարող է հանդես գալ իշխանության կողմից և ազդել հանրային տրամադրությունների վրա: Մասնավորապես նա կարող է դիմել ցուցարարներին և նրանց հանդարտության ու համերաշխության կոչ անել: Հասարակության ընդվզող հատվածը չի հավատում իշխանության տված խոստումներին, և իշխանությունն էլ առանձնապես որևէ խոստում չի տալիս հասարակությանը՝ հասկանալով, թե ինչպես է հասարակությունը վերաբերվում այդ խոստումներին: Մինչդեռ Ծառուկյանի տված խոստումներին հասարակությունը իսկապես կարող է վստահել ու հավատալ:

Կգնա՞ իշխանությունը իր հանրային աջակցությունը ավելացնելու ճանապարհով՝ դրանով հանդարտեցնելով հասարակության դժգոհությունը, թե՞ կգնա բռնության և ուժի դիրքերից խոսելու ճանապարհով՝ չենք կարող ասել: Բայց որ թե՛ իշխանության, թե՛ հասարակության համար ավելի լայն քաղաքական համախմբման միջոցով հանրային համերաշխության հաստատումը ավելի ձեռնտու է՝ կասկածից վեր է: