Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Մարզերը ոտքի են կանգնում. ուսանողները ընդվզել են գրեթե բոլոր մարզերում

37 total views, 1 views today

Գյումրիում, Վանաձորում և հանրապետության այլ մարզերում ուսանողները և քաղաքացիները այսօր ևս շարունակում են բողոքի ակցիաները։ Գյումրիում այսօր հիմնականում ուսանողությունն է ոտքի կանգնել։ Կրկին հնչում են դասադուլի և պայքարի միանալու կոչեր։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գյումրիի «Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանը։ Նա նշեց, որ այսօր երեկվա համեմատ ակցիայի մասնակիցների թիվը մի քիչ նվազել է, միջին տարիքի և տարեց մարդիկ այսօր չեն մասնակցում, բայց ուսանողությունը շարունակում է անհնազանդություն դրսևորել, դասադուլ իրականացնել։ Երիտասարդները շարժվում են մեկ դեպի կենտրոնական հրապարակ, մեկ՝ Թատերական հրապարակ՝ նույն պահանջով։ Ոստիկանական ուժերը ևս շարունակում են ուժեղացված հսկողություն իրականացնել։

Վանաձորում, որտեղ երեկ ոստիկանները բավական ագրեսիվ էին, ևս ակցիաները շարունակվում են։
Ուշագրավ է, որ բողոքի ակցիաներ ու անհնազանդության դրսևորումներ են սկսվել նաև այնպիսի քաղաքներում, որտեղ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն ստացել է առավելագույն ձայները։ Եղեգնաձորում, Սյունիքի մարզում՝ Կապանում, Արմավիրի մարզում՝ Արմավիր քաղաքում, և այդ այլիքը, մեր զրուցակիցների խոսքերով, այլևս անհնար է կասեցնել։

Այսօր, օրինակ, ժամը 18:30-֊ին, Եղեգնաձոր քաղաքի կինոյի շենքի բակում նախատեսվում է խաղաղ հանրահավաք «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» քաղաքացիական ակցիայի շրջանակներում:

Ակտիվիստներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ բոլոր նրանք, ովքեր մտածում են իրենց և իրենց երեխաների վաղվա օրվա մասին, կարող են միանալ հանրահավաքին, և օգտվելով օրենքով իրեն տրված իրավունքից արտահայտել իր անձնական կարծիքը՝ կապված այս պահին երկրում ծավալվող իրադարձությունների հետ:

Մեր զրուցակիցը նշեց, որ տեղական իշխանությունների կողմից լուրջ ճնշումներ չկան, փոխարենը ոստիկանական ուժերի լուրջ կուտակումներ կան, որը, ըստ էության, աննախադեպ է մարզերի համար։

«Առաջին լրատվական»-ը Արմավիրի ՀՀԿ-ական քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանից հետաքրքրվեց, թե ո՞նց է վերաբերում երիտասարդների ընդվզմանը, և արդյո՞ք հրահանգ չի ստացել ճնշելու, զսպելու այդ ալիքը։ Ակնհայտ նյարդային վիճակում գտնվող քաղաքապետն ասաց, որ շատ վատ է վերաբերում այդ ակցիաներին։ «15-16 տարեկան երեխաներին չի կարելի դրդել, կոչ անել տանել հրապարակ»,- ասաց քաղաքապետը և անջատեց հեռախոսը։ Արմավիրի մարզից ընտրված ՀՀԿ-ական բոլոր պատգամավորները ընդհատակ էին անցել, բոլորի հեռախոսն անհասանելի է այս օրերին։ Վայոց Ձորի մարզպետը ևս չպատասխանեց մեր զանգերին։

Լուսանկարը՝ Photolure-ի