Թբիլիսիի հիվանդանոցները գիշերն աշխատել են արտակարգ ռեժիմով. Բախտաձեն ապակառուցողական ուժերին է մեղադրում

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ ցույցի եւ բախումների հետևանքով տուժածներին տեղափոխել են Թբիլիսիի տարբեր հիվանդանոցներ:

Միայն Ինգորոկվայի հիվանդանոցում, ըստ աշխատակազմի, գիշերը 40 տուժած է տեղափոխվել:

«Նրանք հիմնականում վնասվածքներ են ստացել ռետինե փամփուշտներից, իրար վրա նետած պլաստիկ շշերից, ինչպես նաև դանակի հարվածներից, որոնք ցուցարարներն են կիրառել»,-հայտնել են «Ալիք մեդիային»:

Նշենք, որ Թբիլիսիի հիվանդանոցները գիշերն աշխատել են արտակարգ ռեժիմով:

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ Վրաստանի խորհրդարանի շենքի առջև զանգվածային անկարգությունների կազմակերպիչները պատասխանատվություն են կրելու երկրում իրավիճակն ապակայունացնելու փորձի համար:

«Միջազգային հանրությունը և դիվանագիտական ողջ կորպուսը լիարժեք տեղյակ են, թե ինչպես են զարգացել իրադարձությունները: Մենք խոստանում ենք հասարակությանը, որ այդ մարդիկ ստիպված կլինեն պատասխան տալ անկարգությունների և երկրում իրավիճակն ապակայունացնելու համար:

Մենք ուզում ենք ևս մեկ անգամ մեր քաղաքացիներին հանդարտության կոչ անել: Կառավարությունը կապահովի յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը և կվերականգնի հասարակական կարգը», – ասել է Վրաստանի վարչապետ՝ ցուցարարներին հրահանգողներին անվանելով ապակառուցողական ուժեր: