Ռետինե փամփուշտներ, մահակներ, ջրցան ու արցունքաբեր գազ. Վրաստանում 69 մարդ է տուժել բախումների արդյունքում

Վրաստանում մինչեւ լուսադեմ շարունակվել են հակառուսական բողոքի ցույցերը: Ոստիկանությունը ցուցարարներին խորհրդարանի շենքի մոտից հեռացնելու համար բիրտ ուժ է կիրառել՝ մահակներ, ռետինե փամփուշտներ, ավելի ուշ բերվել եւ կիրառվել է ջրցան մեքենա, արցունքաբեր գազ:

Տեղի են ունեցել բախումներ՝ ոստիկանական ուժերի եւ ցուցարարների միջեւ, քաղաքացիները քարեր ու շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել ցուցարաների նկատմամբ, քանի որ ակցիայի մասնակիցների գործողությունները վերածվել են բռնության, հայտնում է  sputnik-georgia-ն:

Բիրտ ուժի կիրառման եւ ուժգին բախումների արդյունքում նախնական տվյալներով կա 69 տուժած՝ 30 ցուցարար և 39 ոստիկան:

Տուժածների մեջ են նաեւ լրագրողներ եւ օպերատորներ:

Երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեղի ունեցածում մեղադրել է Ռուսաստանին:

«Այսօր տեղի ունեցածը մեծագույն հանցագործություն էր, սակայն դա որեւէ կերպ չի արդարացնում արհեստական ալիքը, հակակառավարական գործողությունները, որոնք ուղղված էին Խորհրդարան ներխուժելուն և Կառավարությունը տապալելուն: Ռուսաստանը մեր թշնամին է: Նրա կողմից ղեկավարվող հինգերորդ շարասյունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան բացահայտ ագրեսիան», — այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուաբիշվիլին՝ արձագանքելով երկրում ընթացող իրադարձություններին, հայտնում է Aliq Media-ն:

«Ես կցանկանայի մեկ անգամ ևս նշել, որ երկրի և հասարակության պառակտումը բացի Ռուսաստանից որեւէ մեկին պետք չէ: Ռուսաստանն այսօր կիրառեց իր ամենափորձված զենքերից մեկը», — ասել է Զուրաբիշվիլին:

Զուրաբիշվիլին անընդունելի է համարել Սաակաշվիլիի հայտարարությունը, որտեղ նախկին նախագահը «իր ստեղծած ոստիկանությանը կոչ էր անում չենթարկվել Իվանիշվիլիին և անցնել ցուցարարների կողմը»:

Հիշեցնենք, որ այս օրերին Թբիլիսիում նախատեսված ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը պետք է նախագահեր ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, ինչը մեծ բողոքի առիթ է դարձել ու փողոց դուրս բերել հարյուրավոր քաղաքացիների։

Թեև արդեն օրվա երկրորդ կեսին սկսվեց խոսվել, թե որոշ ուժեր փորձում են այսպիսով քաղաքական դիվիդենտներ շահել, սակայն հատկանշական է, որ բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, որ իրենց հետևում որևէ քաղաքական ուժ չկա ու իրենց կուսակցության անունը Վրաստան է։