Ազգային ժողովն ընդունեց 2018 թվականի պետական բյուջեի կատարողականը

Ազգային ժողովն ընդունեց 2018 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը: Այս բյուջեն առաջարկել էր Հանրապետականը, կատարել Նիկոլ Փաշինյանի հեղափոխական կառավարությունը, որտեղ անցած տարի նաև անդամներ ունեին այսօրվա խորհրդարանի ընդդիմադիրները՝ «Բարգավաճ Հայաստանն» ու Լուսավորը։

Չնայած «Իմ քայլ»-ից Բաբկեն Թունյանը մինչև քվեարկությունը ընդդիմադիրներին հիշեցրեց՝ քվեարկելիս անուղղակիորեն իրենց աշխատանքին են գնահատական տալու, բայց քվեարկությանը մասնակցած ԲՀԿ պատգամավորները մնացին իրենց կարծիքին ու դեմ արտահայտվեցին։ Նշենք, սակայն, որ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած խմբակցության շարքերում չքվեարկողներ էլ եղան, օրինակ, Արթուր Գրիգորյանը, որը Փաշինյանի նախորդ կառավարությունում զբաղեցնում էր էներգետիկայի նախարարի պաշտոնը:

Գևորգ Պետրոսյանը իրենց որոշման պատճառները թվարկեց՝ ապրանքները թանկացել են, արտագաղթը չի նվազել, սոցիալական խնդիրները տեսանելիորեն չեն լուծվել, պատերազմի սպառնալիքի աճին զուգահեռ «Հայաստան-Արցախ հարաբերությունների մշուշը թանձրանում է»։

«Ինչո՞վ է բյուջեի կատարողականը դրանակ», – ասաց Պետրոսյանը։

Չնայած «Լուսավոր Հայսատան»-ի կողմ քվեարկությանը, խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ամբիոնից քննադատեց կառավարությանը՝ կադրային քաղաքականությունը «շատ վատը» որակեց, ասաց՝ տվել են խոստումներ, որոնք դրժվել են։

«Կարո՞ղ էին արդյունքները ավելի շատ լավը լինել, միանշանակ կարծում եմ, այո, կարող էր լինել, եթե կառավարությունը լիներ մի քիչ ավելի լսող, մի քիչ ավելի համագործակցային, եթե այդ վեհ գաղափարները որոշ մարդկանց ուղղակի չկտրեին մայր հողից։ Բան ենք ասում, մեզ ասում են՝ «դուք խոսում եք ժողովրդի կառավարության ներկայացուցչի հետ, ոնց կարելի է էդպես խոսել» կամ «ժողովրդի պատգամավորին ո՞նց եք նման բան ասում», տպավորություն է, որ ընդդիմությունը չգիտեմ, որ ժողովրդի պատգամավորն է կամ էդ, որ ժողովրդի ընդդիմությունն է, թե կարող է ինչ-որ տարբեր շողովուրդներ է մեզ ընտրել, չգիտեմ», – ընդգծեց Մարուքյանը։

Կառավարությունից ու իշխանական պատգամավորներից դժգոհությունը չթաքցրեց նաև «Բարգավաճ Հայաստան»-ից Սերգեյ Բագրատյանը։ Անգամ Պարույր Սևակից մեջբերում արեց․ «Դուք բնավ էլ այն չեք եղել, ինչ կարծել ենք»։

«Հայկ Սարգսյանը մի օր դրա մասին ասեց, որ ժողովրդի կառավրության վրա մի գոռացեք, կարծես թե մնացած սաղը թուքի բաշիբոզուկներ են, դուք ժողովրդ, կառավարությո՞ւն եք։ Եթե ձեզ ասում են ժողովրդի վիճակը վատ է, դա չի նշանակում, որ դուք պետք է հակադարձեք այս արտահայտությամբ», – նշեց Բագրատյանը։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հակադարձեց Մարուքյանին՝ առաջարկեց կոնկրետ անուններ տալ, թե որ կադրերն են վատը, որ իրենք հնարավորություն ունենան շտկել։

«Վատ կադրային քաղաքականություն է, մի տարի է պաշտոնավարում եք, ոչ մեկիդ էրեխու հաշվին մի 10 միլիոն դոլարն ինչ է, որ չկա», – ասաց Միրզոյանը։

Հիշեցնելով անցած տարի տեղի ունեցած իրադարձությունները՝ հեղափոխություն, վարչապետի 5 ընտրություն, գործադիրի ղեկավարի փոփոխություններ, արտահերթ ընտրություններ, Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց՝ կառավարությունն իր աշխատանքը կատարել է փայլուն։

«Արդյունքում ունենք 5,2 տնտեսական աճ այն պարագայում, երբ բյուջեի նախագիծը ընդունած կառավարությունը բյուջեում դրել է 4,5 տոկոս տնտեսական աճի կանխատեսում։ Բյուջեում կառավարությունը 18 թվի արդյունքներով չունի չկատարված ոչ մի պարտավորություն։ Եթե այս առումով մոտենանք խնդրին կարող ենք ասել, որ կառավարությունը իր աշխատանքը կատարել է փայլուն, որովհետև այս ողջ քաղաքական ցնցումների համատեքստում ապահովել է Հայաստանի Հանրապետության բնականոն կյանքը լիարժեքորեն», – ասաց Փաշինյանը։

Անդրադարձավ քննադատություններին․ ռեֆորմներ անհրաժեշտ արագությամբ չեն անում: Ասաց՝ կարևոր է ափալ-թափալ գործողություններ չանելը։

«Իմ տպավորությունը և կարծիքն այն է, որ արագ ռեֆորմներ նշանակում են ձախողված ռեֆորմներ», – նշեց կառավարության ղեկավարը։

Խոսեց դեռ անցած տարվանից քննարկվող, բայց մինչև այժմ կյանքի չկոչված դատաիրավական բարեփոխումներից: Վարչապետը կարծիք հայտնեց, որ իրապես անկախ դատական համակարգ հնարավոր չէ ունենալ՝ առանց դատավորների աշխատավարձը 5-6 անգամ բարձրացնելու․ մասնավոր հիմնարկներում լավ իրավաբանը 2,5-3 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում, հայտարարեց։ Փաշինյանի խոսքով՝ այս տարվա բյուջեով կարող էին հարցը լուծել, բայց հանրությունը չէր ընկալի գործող դատավորների աշխատավարձերի կտրուկ բարձրացումը։

«Մեր գործընկերները, միջազգային դոնորները այս հարցում Հայաստանին կաջակցեն, մենք 2-3 տարի դատավորների այս բարձր աշխատավարձերը, նոր ներգրավված դատավորների, կկարողանանք դարձնել 2,5 միլիոն դրամից 3 միլիոն դրամ, այսինքն դա մեր պետական բյուջեի վրա ուղիղ ազդեցություն չի ունենա։ Այդ ընթացքում և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը, և՛ քաղաքացիական հասարակությունը, և՛ հանրությունը կհամոզվի, որ էս անկախ դատական համակարգ ունենալը լավ բան է։ Էդ ժամանակ առանց դիմադրության հանրությունը կհամաձայնվի սեփական միջոցներից տրամադրել, որը էդ 10 միլիարդ դրամը, որպեսզի էդ խնդիրը լուծվի», – ընդգծեց վարչապետը։

Փաշինյանը մոտ կես ժամ ելույթ ունեցավ Ազգային ժողովի ամբիոնից, հայտարարեց՝ պետք չէ մեկ տարվանից ակնկալել 30 տարվա պրոբլեմների լուծում։