«Վահե Գրիգորյանը հա՛մ ՍԴ նախագահն է, հա՛մ դատավորը». Ջհանգիրյան

Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահը Վահե Գրիգորյանն է, այսօր «Ազատության» հետ զրույցում նման համոզմունք հայտնեց նախկին զինդատախազ, գլխավոր դատախազի նախկին տեղակալ, իրավագետ Գագիկ Ջհանգիրյանը՝ շեշտելով, որ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո, երբ ամբողջությամբ ուժի մեջ է մտել նոր Սահմանադրությունը, Սահմանադրական դատարանում կարող են գործել միայն դատավորներ:

Հետևաբար, ըստ նրա, Հրայր Թովմասյանը ո՛չ դատարանի նախագահ կարող է լինել, ո՛չ՝ անդամ։

Ջհանգիրյան. – Մենք էս մի ամբողջ տարին գործ ենք ունեցել, քանի որ Սահմանադրությունն էլ է օրենք, օրենքով չնախատեսված դատարանի որոշումների հետ, այսինքն՝ ոչ պատշաճ դատարանի որոշումների հետ։

«Ազատություն». – Ոչ իրավազոր որոշումներ է կայացրե՞լ։

Ջհանգիրյան. – Այո՛, հիմա ես ասում եմ՝ մեր ամբողջ Սահմանադրական դատարանն անցած մեկ տարի եղել է օրենքով չնախատեսված դատարան և գործել է որպես ոչ պատշաճ դատական ատյան։ Հիմա էդ խնդիրը պետք է լուծում ստանա։ Վահե Գրիգորյանը սահմանադրական լուծում է առաջարկել։

«Ազատություն». – Հիմա ստեղծված իրավիճակում նա՞ է Սահմանադրական դատարանի նախագահը։

Ջհանգիրյան. – Քանի որ սօր մենակ Վահե Գրիգորյանն է դատավոր, ինքը հա՛մ նախագահն է, հա՛մ դատավորն է, որովհետև այնտեղ այլ դատավոր չկա, մյուսն՝ արձակուրդի մեջ է։

«Ազատություն». – Հրայր Թովմասյանը չպե՞տք է գնա աշխատանքի։

Ջհանգիրյան. – Հրայր Թովմասյանը չի կարող Սահմանադրական դատարանում ո՛չ նախագահ լինել, ո՛չ դատավոր լինել, որովհետև ինքն ընտրվել է Սահմանադրական դատարանի անդամ, այնուհետև դարձել է նախագահ, թող Թովմասյանն ինքն ասի, ինքն է էդ Սահմանադրության հեղինակներից մեկը։

«Ազատություն». – 213 հոդվածը նրան թույլ չի՞ տալիս պաշտոնավարել մինչև իր լիազորությունների ավարտը։

Ջհանգիրյան. – Ո՛չ, նա Սահմանադրական դատարանի անդամով է երկարաձգվել, ոչ թե նա համարվել է դատավոր։ Թող իրենք պարզեն, թե ինչո՞ւ են էսպես անորակ, խոտան Սահմանադրության տեքստ պատրաստել, որ այսօր էլ էսպիսի խոչընդոտ է լինում։

«Ազատություն». – Հիմա Հրայր Թովմասյանը հրաժարակա՞ն պետք է ներկայացնի։

Ջհանգիրյան. – Ես չեմ կարող ասել, իրենց որոշումն է։

«Ազատություն». – Քանի դեռ Հրայր Թովմասյանը ղեկավարում է Սահմանադրական դատարանը, Դուք կարծում եք, որ այդ մարմինն իրավազոր չէ որևէ որոշում կայացնել։

Ջհանգիրյան. – Էլ չի ղեկավարում, ինքն, ըստ էության, չէր կարող ղեկավարել 2018 թվականի ապրիլի 9-ից։