Տավուշի մարզպետ. Ես ինձ հայտարարում եմ Տավուշի մարզի բիզնես-օմբուդսմեն

Այսօր Դիլիջանում կազմակերպված «Իմ քայլը հանուն Տավուշի» համաժողովում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, որը ներկայացրեց մարզում ներդրումներ անելու հնարավորությունները բնակավայր առ բնակավայր, զբոսաշրջային գրավչությունները, ասաց, որ ինքն իրեն հայտարարում է Տավուշի մարզի բիզնես-օմբուդսմեն։
Մարզպետի խոսքով․ «Հարգելի գործընկերներ, մենք ձեր պաշտպանն ենք բոլոր հարցերում և ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ստեղծենք մեխանիզմներ, որ դա լինի ոչ թե հայտարարություն, այլ գործընթաց, գործողություն»։
Հայկ Չոբանյանն ասաց, որ մեկ մեխանիզմ արդեն ստեղծել են մարզպետարանի և մարզի մյուս կառույցների հետ միասին, նաև միջազգային կառույցների աջակցությամբ։ Այն, ըստ մարզպետի ներդրումային գրասենյակ է, որն ունի մեկ պատուհան. «Այդ բոլոր ծրագրերը, որոնք այստեղ կներկայացվեն, անցել են համապատասխան ընթացքը։ Եթե մի ծրագիր մտնում է այդ գրասենյակ, ապա 30 օր հետո այդ ծրագրով լինի հստակ գործընթաց»։