//
Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Օսիպյանի արժանապատիվ կեցվածքը. «ծռերը» չեն համաներվի

Այսօր ՊՊԾ գնդի զավթման գործով դատարանում ցուցմունք է տվել ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, որը գնդի զավթման օրերին Երևանի փոխոստիկանապետն էր. նա գործով տուժողի կարգավիճակ ունի:

Դատարանի հարցին, թե համաներում հայտարարելու մասին օրենքով սահմանված է առանձին դրույթ ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալների նկատմամբ, եթե տուժող կողմը չի առարկում, Վալերիյ Օսիպյանն ասել է. «Ես կորցրել եմ ընկերներ, եթե կորցրած չլինեի իմ գործընկերներին և ընկերներին, գուցե իմ դիրքորոշումն այլ լիներ, կարծում եմ՝ յուրաքանչյուրը պետք է կրի օրենքով նախատեսված իր պատիժը»:

Դատավոր Մակյանի հարցին, թե այսինքն՝ կարո՞ղ է դատարանն արձանագրել, որ Օսիպյանն առարկում է այս գործով կոնկրետ տասը ամբաստանյալների նկատմամբ համաներում կիրառել, ոստիկանապետը դրական պատասխան է տվել։

Այսպիսով՝ Օսիպյանն ըստ էության դարձավ ներկա իշխանության առաջին բարձրաստիճան պաշտոնյան, որը գործնականում համարժեք գնահատական տվեց ՊՊԾ գնդի արյունոտ իրադարձություններին՝ հստակ արձանագրելով, որ դրա մասնակիցները չեն կարող արժանանալ պետության ներողամտությանը։ Ընդ որում՝ ուշագրավ է, որ ոստիկանապետի հիմնավորումն ամենևին էլ անձնական չէ՝ չնայած այն հանգամանքին, որ դրամատիկ իրադարձությունների ժամանակ նա պատանդառվել է և յոթ օր շարունակ նվաստացուցիչ պայմաններում պահվել պատանդի կարգավիճակում։

Ուշագրավ է, որ «ծռերն» ու նրանց կողմնակիցներն այսօր դատարանի դահլիճում նույնպես վիրավորական գնահատականներ են հնչեցրել Օսիպյանի հասցեին՝ ավելորդ անգամ ապացուցելով, որ ոչ միայն դասեր չեն քաղել անցյալից, այլև քաղաքական իրավիճակի փոփոխության դեպքում դարձյալ կատարելու են անօրինական արարք։

Այս համատեքստում միանգամայն տրամաբանական է հնչում տարբեր մարդկանց կողմից պաշտպանվող այն վարկածը, որ Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցները ոչ թե վայր են դրել, այլ ընդամենը խնամքով քողարկել են զենքը։

Սակայն դառնանք Օսիպյանի այսօրվա ցուցմունքին ու նկատենք, որ նա առարկում է այս գործով կոնկրետ տասը ամբաստանյալների նկատմամբ համաներման կիրառմանը միանգամայն ռացիոնալ հիմքերով, որոնց հիմքում պետական մտածողությունն է։ Օսիպյանը պաշտպանում է ոստիկանության, ուսադիրի պատիվը՝ ցույց տալով, որ առաջնորդվում է ոչ թե քաղաքական կոնյունկտուրայով կամ փողոցի տրամադրություններով, այլ պետական մտածողությամբ։ Ոստիկանապետը հստակ հասկացնում է, որ եթե չլինեին մարդկային կորուստներ, ապա գուցե ինքն ավելի ներողամիտ լիներ։ Այս մոտեցումը նախադեպային պետք է լինի նաև քննչական մարմինների, դատարանի համար. Հայաստանում ներման, արդարացման հույս չպետք է ունենան այն մարդիկ, ովքեր խլել են կյանքեր, որոշել են հարցեր լուծել զենքի միջոցով։

Անկասկած է, որ Վալերիյ Օսիպյանն անուղղակիորեն արտահայտում է իշխանության տեսակետը, որովհետև խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն այս խնդրի շուրջ հանդես էր եկել գրեթե նույնաբովանդակ հայտարարություններով։

«Սասնա ծռերի» դատավարությունը, իրավականից զատ, ունի շեշտված քաղաքական համատեքստ։ Խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ Ժիրայր Սեֆիլյանն ու նրա կողմնակիցները, նրանց վարքագիծն ու գործողությունները չեն վայելում հասարակության աջակցությունը՝ «ծռերին» զրկելով հասարակության անունից խոսելու հնարավորությունից։

Այժմ խոսքի իրավունքը դատարանինն է, որը իրավական հարթության վրա պետք է գնահատական տա «ծռերին»՝ անհատականացնելով նրանցից յուրաքանչյուրի կատարած հանցագործությունը ու նշանակելով համարժեք պատիժ։

Նոր Հայաստանում ահաբեկչությունը հանդուրժվել չի կարող։

Լուսանկարը՝ Photolure-ի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։