Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է Վահագն Հարությունյանի հետախուզման որոշման դեմ բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սահակյանի նախագահությամբ այսօր մերժել  է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, նույն գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշման դեմ նրա պաշտպան Միհրան Պողոսյանի ներկայացրած բողոքը։

Նրա պաշտպան Միհրան Պողոսյանը վերաքննիչից պահանջում էր վերացնել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (նախագահությամբ Արտուշ Գաբրիելյանի) մարտի 11-ի որոշումը, որով իրավաչափ էր ճանաչվել Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու քննիչի որոշումը:

Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին որոշումը նրա պաշտպան Միհրան Պողոսյանը ակնհայտ անհիմն եւ չպատճառաբանված է որակում:

Նշենք, որ Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել դեռեւս 2018 թ. հոկտեմբերին, նրան որպես մեղադրյալ ներգրավվելուց անմիջապես հետո:

Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով): Վահագն Հարությունյանը ավելի վաղ որպես մեղադրյալ է ներգրավվել նաեւ Մարտի 1-ի գործով կարեւոր ապացույցներ կեղծելու համար: