Որեւէ հանդուրժողականություն չի կարելի ցուցաբերել. վարչապետը խիստ հանձնարարական տվեց Օսիպյանին

Այն վարորդները, որոնք պարբերաբար եւ չարամիտ խախտումներ են թույլ տալիս, պետք է երթեւեկությունից ընդհանրապես հեռացվեն: Այսօր կառավարության նիստի ժամանակ  նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցած ողբերգական ավտովթարներին:

«Բոլորդ գիտեք, որ ոստիկանությունում օրենքի նոր նախագիծ է մշակվել, որի հիմնական նպատակը կարգազանց վարորդներին ընդհանրապես երթեւեկությունից հեռացնելն է: Այսինքն՝ այն վարորդները, որոնք պարբերաբար եւ չարամիտ խախտումներ են թույլ տալիս, պետք է երթեւեկությունից ընդհանրապես հեռացվեն: Նախագիծն Ազգային ժողովում է եւ կարծում եմ՝ մենք ԱԺ-ի հետ պետք է քննարկենք, թե ինչ ժամկետներում կարող ենք հնարավորինս շուտ այդ նախագիծն ընդունել: Այս հարցով, կարծում եմ, որ կառավարությունն ու ոստիկանությունը պետք է սերտորեն համագործակցեն հասարակական կազմակերպությունների հետ: Հիշում եք, մի անգամ այդ թեմայով խոսել եմ ֆեյսբուքյան իմ եթերներից մեկի ժամանակ, երբ որ հնարավորություն պետք է ընձեռեինք համապատասխան ծրագրային ապահովմանը, որպեսզի քաղաքացիները նույնպես երթեւեկության կոպիտ խախտումներն արձանագրելու եւ դա ոստիկանությանն ուղարկելու հնարավորություն ունենան: Ես տեղյակ եմ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները ՀԿ-ների ներկայացուցիչների հետ արդեն սկսել են այդ աշխատանքը եւ ոստիկանությունն էլ տեղյակ է դրանից: Այստեղ խնդիրը պետք է հստակ արձանագրել, որ քաղաքական կամքը եւ որոշումը կա, որոշման տեխնիկական կամքը պետք է ապահովել: Իհարկե, հասկանալի է, որ այսօր ՀՀ-ում ավտոմեքենաների քանակի աննախադեպ աճ է գրանցվել: Մեծ ծավալով ներկրումները շարունակվում են, եւ դա իր հերթին բերում է մարտահրավերներ: Ոստիկանությունն ամենակոշտ միջոցները պետք է ձեռնարկի կարգազանց վարորդների նկատմամբ: Պետք է հաշվի առնենք, որ վերջին դեպքերը ցույց տվեցին, որ այդտեղ որեւէ հանդուրժողականություն չի կարելի ցուցաբերել, որովհետեւ խոսքը մարդկանց, մեր երեխաների, մեր հայրենակիցների կյանքի, անվտանգության եւ առողջության մասին է»,- ասաց վարչապետը, ապա դիմելով ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ հետաքրքրվեց, թե ի՞նչ միջոցներ են ձեռնարկել այս հարցում մինչեւ օրենքի նախագծի ուժի մեջ մտնելը:

Օսիպյանը պատասխանեց, որ ոստիկանության ողջ անձնակազմը ցավում է այդ դեպքով. «Ձեր մտահոգությունը տեղին է, պարոն վարչապետ: Վերջին տարիներին նմանատիպ դեպքեր եղել են: Օրինակ 2011 թվականին Արցախի փողոցի վրա մենք 4 զոհ ունեցանք՝ էլի վթարի հետեւանքով հրդեհ էր բռնկվել: 2014 թվականին Երեւան-Գյումրի՝ Հոռոմի խաչմերուկի վրա ունեցանք 7 զոհ՝ նույնատիպ վթարով: Եւ Երեւան-Երասխ՝ Զոդի կամրջի վրա եղավ: Վստահեցնում եմ ձեզ, պարոն վարչապետ, որ յուրաքանչյուր դեպքով՝ անգամ հանցագործության դեպքով՝ այդ թվում ճանապարհային երթեւեկության խախտմամբ եւ վթարներով, հատկապես այն վթարները, որոնց հետեւանքով զոհ է լինում, ոստիկանությունն ուսումնասիրություն է իրականացնում: Մենք ֆիզիկապես չենք կարող այն հատվածներում, որտեղ զոհեր ենք ունենում, վերակարգեր ունենալ: Այս դեպքը տեղի է ունեցել կամրջի վրա, անթույլատրելի է այդտեղ վազանց անցել, կայանել: Անգամ, եթե վնասված մեքենա է լինում պետք է վարորդը միջոցներ ձեռնարկի, որ կամրջից հանի այն: Ուզում եմ վստահեցնել, որ մենք ամեն ինչ անում ենք, բայց չեմ բացառում, որ մեր գործառույթների մեջ կան թերացումներ: Ճանապարհատրանսպորտային պատահարները վերջին 10 տարիներին միտում ունեն աճելու, դրա հետ մեկտեղ՝ զուգահեռ աճում են զոհերն ու վիրավորները»,- ասաց ոստիկանապետը:

Օսիպյանը նշեց, որ 2018 թվականի ապրիլի 10-ի դրությամբ գրանցվել է 1861 ՃՏՊ, 150 զոհ, 2736 վիրավոր: 2019 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է 2203 ՃՏՊ եւ 169 զոհ եւ 3312 վիրավոր:

«Դուք ճիշտ նկատեցիք, որ մեքենաների աննախադեպ հոսք ունենք հանրապետությունում: 2017 թվականին ներկրվել է 38 հազար տրանսպորտային միջոց, 2018 թվականին ներկրվել է 73 հազար 562: 2018 թվականի առաջին 6 ամիսներին ներկրվել է 28 հազար 954, իսկ 2019 թվականի առաջին 6 ամիսներին ներկրվել է 54 հազար 200 տրանսպորտային միջոց: Տրանսպորտային միջոցների տեխզննում չի իրականացվում: Ինձ ամեն օր ամփոփագրեր են զեկուցում, որ տրանսպորտային միջոցը ուղիղ ճանապարհին կորցրել է ճանապարհն ու ընկել է ձորը: Օրինակ Դուբայում նայում են, տեսնում են՝ անվադողերն իդեալական վիճակում են, բայց քանի որ ժամկետն անց է, չեն թույլատրում վարել»,- ասաց Օսիպյանը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ առաջարկեց Վրաստան մեկնող բոլոր ավտոմեքենաները գերբեռնվածության համար ստուգել:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, որ ժամանակն է, որ մենք տեխնիկական զննման եւ ԱՊՊԱ-ի գործընթացը սինխրոնիզացնենք: Գրիգորյանի խոսքով ապահովագրական համակարգի միջոցով հնարավոր է վերահսկել մեքենաների տեխնիկական զննումը։

«Սա ամենաարդյունավետ լուծումը կլինի։ Այն մեքենան, որը չունի նորմալ տեխնիկական վիճակ, պետք է ապահովագրություն չստանա, իսկ այդ ԱՊՊԱ ստանալու կամ չստանալու եւ դա վերահսկելու գործիքակազմը մենք ունենք։ Այս իմաստով ռացիոնալ տարբերակը դա է։ Կոչ եմ անում, որ մոդել մշակենք ու փորձենք խնդիրը լուծել»,- նշեց փոխվարչապետը։