Մինչեւ 19 տարեկան հայ ֆուտբոլիստները չեն վախենում Եվրոպայի առաջնությունում ահեղ մրցակիցներից

Հայաստանի ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստներն իրենց վստահ են զգում Եվրո 2019-ից առաջ: Մի քանի օր անց Երեւանում մեկնարկելիք մրցաշարում նրանք պայքարելու են ահեղ մրցակիցների դեմ: A խմբում նրանց հետ ընդգրկված են Իսպանիան, Իտալիան, ինչպես նաեւ մրցաշարի գործող չեմպիոն Պորտուգալիան: Այսօր՝ հունիսի 11-ին, հերթական մարզումից հետո լրագրողների հետ զրույցում նրանք խոսեցին ստուգատեսի մասին: Թիմի ավագ Արսեն Եղիազարյանը վստահեցրեց, որ մրցակիցների ուժից չեն ընկճվելու:

«Իրոք մրցակիցներն ուժեղ են, Եվրոպայի լավագույն հավաքականներն են ժամանում, բայց նշանակություն չունի: Եթե լավ տրամադրվենք, հավատանք մեր ուժերին, վստահ եմ այդպես էլ լինելու է, դրական արդյունքի կհասնենք»,- ասաց պաշտպանը՝ ավելացնելով, որ պատրաստվում են ուրախացնել երկրպագուներին:

Թիմը մրցաշարին պատրաստվում է ուսումնամարզական հավաքով, ընկերական հանդիպումներով: Տղաները գոհ են մարզումներից: Կիսապաշտպան Էրիկ Ազիզյանը կարծում է, որ դրանք արդյունք տվել են, եւ իրենք պատրաստ են:

«Գտնում եմ, որ թիմն արդեն շատ լավ պատրաստ է, մենք շատ լավ պատրաստվում ենք, մարզումները շատ լավ են անցկացվում հիմնականում օրական 2 անգամով, ընկերական խաղերով: Ինձ թվում է՝ բոլորն էլ տեսան՝ շատ առաջընթաց կա»,- ասաց նա:

Տղաներն իրենց պատրաստ են զգում ոչ միայն ֆիզիկապես, այլեւ հոգեբանորեն: Գիտակցում են՝ որքան ուժեղ են մրցակիցները, սակայն դա նրանց տրամադրվածության վրա չի ազդում: Պաշտպան Յուրի Օգանեսյանը նշում է, որ իրենք արդեն ցույց են տվել, որ այդքան էլ թույլ չեն

«(Խմբ. մրցակիցների ուժեղ լինելը) նշանակություն չունի, մենք պատրաստ ենք, ընկերական խաղերում ուժեղ թիմերի դեմ խաղացել ենք, ցույց ենք տվել, որ այդքան էլ թույլ չենք»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ֆավորիտներն, ապա Հայաստանի հավաքականի խաղացողները համարում են, որ դրանք այս մրցաշարում շատ են: Հարձակվող Գրենիկ Պետրոսյանն առանձնացնում է 2-ին: 2-ն էլ Հայաստանի հետ A խմբում են:

«Ֆավորիտները շատ են, բոլորն էլ ուժեղ են, երեւի, Իսպանիան, Պորտուգալիան, բայց դա նշանակություն չունի, մենք պետք է պայքարենք, արժանի մրցակցություն ցույց տանք»,- ասաց նա:

Մինչեւ 19 տարեկանների Եվրո 2019-ի B խմբում ընդգրկված են Չեխիան, Իռլանդիան, Նորվեգիան եւ Ֆրանսիան: Մրցաշարը մեկնարկում է հուլիսի 14-ին: Ավարտվելու է 27-ին: Բացման խաղում հուլիսի 14-ին Հայաստանը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալելու է Իսպանիային: Հանդիպումը սկսվելու է 18:45-ին: