Հայ բժիշկների, ականազերծողների ծառայությունը Սիրիայում բարձր են գնահատում. այց մարդասիրկան կենտրոն

Հուլիսի 10-ին Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվեց Հայոց Բերիո թեմի նորընտիր առաջնորդ Մասիս եպիսկոպոս Զուբոյանի, ինչպես նաև Հալեպի առողջապահական և հասարակական հարցերի բարձր մակարդակի հանձնախմբի առաջնորդ Շեյխ Մուհամադ Ադիբ Մահմուդ Հասունի (Sheikh Mohammad Adib Mahmoud Hasoun) գլխավորած պատվիրակության համատեղ այցելությունը Հալեպում տեղակայված ՀՀ մարդասիրական առաքելության խմբի կենտրոն: Ընկերակցող պատվիրակության կազմում էին Սիրիայի խորհրդարանի պատգամավորներ, ինչպես նաև հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ:

Ինչպես հայտնում են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից, Հայոց Բերիո թեմի առաջնորդ Մասիս եպիսկոպոս Զուբոյանն իր ողջույնի խոսքում անդրադարձավ առաքելության կարևորությանն ու պատմական նշանակությանը՝ բարձր գնահատելով հայ բժիշկների, ականազերծողների և նրանց անվտանգությունն ապահովող անձնակազմի կատարած նվիրյալ ծառայությունը։ Մասիս եպիսկոպոս Զուբոյանը նշեց, որ այն սիրո և երախտագիտության մեր արտահայտությունն է այն մեծ մարդասիրության համար, որ ցուցաբերել է սիրիացի բարեկամ ժողովուրդը Ցեղասպանությունից մազապուրծ փրկված հայ ժողովրդի գաղթական զավակների նկատմամբ: