ԱԱԾ-ն քննություն է սկսել՝ պարզելու էլեկտրաէներգետիկ համակարգի խափանման պատճառները

Կառավարության նիստում այսօր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը տեղեկացրեց, որ ԱԱԾ-ն քննություն է սկսել՝ պարզելու Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի երեկվա խափանման պատճառները:

Վանեցյանն ասաց․ – «Իմ կողմից հանձնարարություն է տրվել, որպեսզի նյութեր նախապատրաստվեն երեկվա էլեկտրաէներգիայի տատանումների հետ կապված և անջատումների հետ կապված, որպեսզի հստակ պարզվի էներգետիկ համակարգի խափանման պատճառները: Չնայած նախնական տվյալները կան, բայց ես կարծում եմ, որ պետք է խոր ուսումնասիրություն իրականացվի, հետաքննություն իրականացվի և գնահատական տրվի, թե միտում եղե՞լ է, չի եղե՞լ, կա՞ն մեղավորներ, ցուցաբերվե՞լ է անգործություն, թե՞ ոչ: Արդյունքների մասին կզեկուցեմ»:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խափանման պատճառների վարկածները երկուսն են, երկուսն էլ՝ արտաքին, ներքին պատճառ չկա:

Երեկ Հայաստանի որոշ մարզերում ու Երևանում հոսանքազրկումներ և հոսանքի տատանումներ տեղի ունեցան: Պաշտոնյաները հայտարարեցին, որ երկրի էներգետիկ համակարգում վթար է տեղի ունեցել, դրա հետևանքով սկզբում անջատվել է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, այնուհետև՝ Երևանի ՋԷԿ-ն ու ավելի փոքր կայաններ:

Հայտարարվեց նաև, որ չնայած նման մասշատաբային վթարին, համակարգի կայունությունը 70 տոկոսով ապահովված է․ էլեկտրաէներգիա է ներկրվել Վրաստանից և Իրանից:

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն շնորհակալություն հայտնեց Իրանին ու Վրաստանին:

Ի դեպ, երեկ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, թեև, ըստ կառավարության լրատվական ծառայության, հայաստանյան էլեկտրաէներգետիկ համակարգի վթարը չի քննարկվել, այլ անդրադարձել են օրերս Թեհրանում կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներին, ինչպես նաև Իրան-ԵՏՄ համագործակցության զարգացմանը:

«Երեկ, գործնականում ժամը 20:00-ի կողմերը, արդեն ամբողջապես վերականգնվել էր ամբողջ հանրապետությունում ողջ էներգահամակարգի գործունեությունը: Եվ ես ուզում եմ այս կապակցությամբ, դեպքի համատեքստում շնորհակալություն հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի մեր գործընկերներին, ովքեր այդ իրավիճակում շատ օպերատիվ աջակցություն ցուցաբերեցին, և հնարավոր եղավ խուսափել այնպիսի հետևանքներից, երբ որ էներգետիկ համակարգը ինչ-որ երկարատև կոլապսի առաջ կանգներ: Իմիջիայլոց, վերջերս մենք երբ որ մի ներդրումային ծրագիր էինք քննարկում աշխատանքային կարգով, և քննարկում էինք էդ փոխարկիչի հետ կապված խնդիրը, հենց մասնագետները նման իրավիճակ նկարագրում էին, որ փոխարկիչը ինչ-որ առումով կարող է ապահովագրել նման իրավիճակներից, որոնք էներգետիկ համակարգում լինում են: Այնպես որ, պրակտիկ առումով էդ քննարկման ժամանակ եղած տեսական իրավիճակը երեկ տեղի ունեցավ: Բայց կարծում եմ, որ ընհանուր առմամբ կարող ենք արձանագրել, որ մեր էներգետիկ համակարգը ցուցաբերեց բավարար ճկունություն և կենսունակություն: Ուղղակի պետք ա հասկանալ վթարի պատճառները: Երկու վարկած կա արտաքին: Ոնց որ թե ներքին վարկած չունենք էլ: Բայց պետք ա իսկապես քննել, հասկանալ, թե ինչն ա եղել պատճառը», – նշեց վարչապետը: