Երբեք ինքս ինձ չեմ գովում. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարծում է, որ իր համար դեռ վաղ է խոսել, թե ինչով կարող է հպարտանալ: Այս ամսին նա նշել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում: Ամեն դեպքում իր նվաճումներից մի քանիսը 30-ամյա խաղացողն առանձնացրել է:

«Երբեք ինքս ինձ չեմ գովում: Ինչ էլ անում եմ, հաճույքով եմ անում: Հետեւաբար կարիերայիս ավարտից հետո կսկսեմ մտածել՝ թե ինչով կարելի է հպարտանալ: Այն, թե ինչպես եմ ինքս ինձ ստեղծել, ինչի եմ հասել եւ որտեղ եմ հիմա, ահա թե ինչով եմ հպարտանում»,- ասել է նա:

Ֆուտբոլիստը հուլիսի 14-17-ը Երեւանում կայանալիք Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների 2019 թ. առաջնության դեսպանն է ու պատասխանել է նաեւ այդ մրցաշարին վերաբերող հարցերին: Նա խոսել է մինչեւ 19 տարեկանների հավաքականում խաղալու իր փորձի մասին: Ընդգծել է, որ դա մեծ հնարավորություն է:

«Դու խաղում ես ավելի ուժեղ մրցակիցների դեմ, քան կան տեղական առաջնությունում: Այդ մակարդակում ես հասկացա, որ ֆուտբոլն ավելի արագ է եւ դու պետք է ավելի արագ որոշումներ կայացնես, քանի որ քիչ ժամանակ ունես: Այլ ազգային հավաքականների դեմ խաղալը թույլ է տալիս հասկանալ քո իրական մակարդակը եւ այն, թե ինչը պետք է բարելավես»,- ասել է նա՝ ավելացնելով, որ պատանի տարիքում մեծ հպարտություն է զգացել ազգային ընտրանու մարզաշապիկը կրելիս:

Մխիթարյանը նաեւ նշել է, որ Հայաստանում ֆուտբոլ շատ են սիրում ու ուրախ են Եվրո 2019 հյուրընկալելու համար: Ընդգծել է, որ դա ապագա աստղերի խաղը դիտելու հիանալի առիթ է: Իսկ մասնակից հավաքականների ֆուտբոլիստների խորհուրդ է տվել վայելել հնարավորությունը:

«Իմ խորհուրդն է զվարճանալ ու հաճույք տանալ, քանի որ նման խաղերն ու մրցաշարերը կյանքում եզակի են լինում: Ես հաջողություն եմ մաղթում յուրաքանչյուր խաղացողին»,- ասել է նա:

Մրցաշարին մասնակցում են Չեխիան, Իռլանդիան, Նորվեգիան, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, մրցաշարի գործող չեմպիոն Պորտուգալիան, ինչպես նաեւ Հայաստանը՝ որպես հյուրընկալող երկիր: Հայաստանն ընդգրկվել է մահվան խմբում՝ A խմբում, որտեղ մրցակիցներն են Իսպանիան, Իտալիան եւ Պորտուգալիան: Հուլիսի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք բացման խաղում Հայաստանի մրցակիցը լինելու է Իսպանիան: Հանդիպումը սկսվելու է 18:45-ին: