2019-ին ՀՀ-ում կանցկացվի ՏՏ համաշխարհային կոնգրեսը, որը մեր տնտեսությանը թռիչքային աճի հնարավորություն կտա. Կարեն Վարդանյան

25 total views, 1 views today

Տեղեկատվական տեխնոլոգիաների Համաշխարհային կոնգրեսը (WCIT) 2019 թվականին կանցկացվի Հայաստանում: Tert.am-ի հետ զրույցում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ասաց, թե Հայաստանը պետք է ամենաբարձր մակարդակով անցկացնի այդ միջոցառումը:
«Այս և առաջիկա տարիներին պատվիրակություն ենք ուղարկելու այն երկրներ, որտեղ անցկացվելու է համաշխարհային կոնգրեսը: Մասնավորապես, կոնգրեսն անցկացվելու է Բրազիլիայում, Թայվանում, Հնդկաստանում: Մեր խնդիրն է լինելու առավելագույնս հասկանալ հնարավորությունները, որպեսզի կարողանանք Հայաստանում այն ամենաբարձր մակարդակով անցկացնել»,- ասաց Կարեն Վարդանյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանն անցած տարի է հաղթել կոնգրեսը մեր երկրում անցկացնելու իրավունքը:
«Բացի այն, որ դու ընտրվել ես, դու պարտավոր ես վճարել Կոնգրեսի անցկացման համար»,-ասաց Կարեն Վարդանյանը՝ նշելով, որ կոնգրեսին սովորաբար մասնակցում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի թոփ-մենեջերները՝ մոտ 2 հազար մարդ:
«2019 թվականը կարող է բեկումնային լինել Հայաստանի համար` ապահովելով կտրուկ աճ, քանի որ կարող է լուրջ համագործակցություն ստեղծվել: Ի վերջո, սա ունիկալ շանս է, Հայաստանում նման մակարդակի միջոցառում չի անցկացվել, ուստի պետք է լուրջ պատրաստվենք»,- ասաց Կարեն Վարդանյանը:
«Պետք է հաշվի առնենք, որ մասնակցում են աշխարհում ՏՏ ոլորտում շուրջ 2000 լիդերներ: Համաշխարհային կոնգրեսներում համաշխարհային լիդերները չեն զբաղվում իրենց ապրանքները գովազդելով կամ վաճառելով: Համաշխարհային կոնգրեսների թեմաները  ռազմավարությունների քննարկումն է, թե ինչպիսի ռազմավարություն է  պետք այսօր վերցնել, որպեսզի 20 տարի հետո մենք կարողանանք ունենալ զարգացող տեղեկատվական տեխնոլոգիաներ: Այս առումով, ի թիվս մնացած ռազմավարական հարցերի, որոնք իրենց հետ կբերեն հիմնական խոսնակները, Հայաստանը պետք է որոշակիորեն ներկայանա իր ուրույն կողմերով, որով այդ պահին կլինի տարբերվող աշխարհի շատ երկրներից: Պետք է այնպես անենք, որ այդ տարբերվող ոլորտում Հայաստանի փորձը հետաքրքրի աշխարհին»,-նշեց Վարդանյանը:
Ըստ նրա՝ արդեն իսկ քննարկում են այն հարցը, թե ո՞րն է լինելու Հայաստանի ներկայանալու հիմնական խաղաքարտը. «Քանի որ արդեն սկսել ենք հանրակրթության բնագավառում ինժեներական կրթության ներդրումը, եկել ենք այն եզրակացության, որ դա կարող է լինել դպրոցներում ինժեներական լաբորատորիաների առկայությունը: Պետք է հասնենք նրան, որ մինչև 2019 թվականը լինենք աշխարհի այն միակ երկիրը, որտեղ բոլոր դպրոցներում առկա են ինժեներական լաբորատորիաներ: Այսինքն՝ ինժեներական կրթությունը հանրակրթական հատվածում դրված կլինի ամենաբարձր մակարդակի վրա»:
Կարեն Վարդանյանը նշեց նաև, թե Հնդկաստանի կոնգրեսին շատ լուրջ պետք է մասնակցել, մեծ և արհեստավարժ պատվիրակությունով, որպեսզի կարողանան կոնգրեսի մասնակիցներին հետաքրքրել Հայաստանով:
«Համաշխարհային կոնգրեսն իր հետ կբերի այն, որ 2019 թվականից հետո մենք մեր ոլորտում թռիչքային աճի հնարավորություն կունենանք, նոր որակներ, նոր բարձունքներ. Հայաստանը, եթե մի շարք ոլորտներում հայտնի երկիր է, բայց ընդհանուր քարտեզի վրա դեռևս մնում է կիսահայտնի, ապա համաշխարհային կոնգրեսից հետո, բնականաբար, երբ խոշորագույն ընկերությունները Հայաստանի հետ ծանոթանան, սիրեն, և ցանկանան համագործակցել, դա կբերի տնտեսության թռիչքային աճի»,- եզրափակեց Կարեն Վարդանյանը: