Մխիթարյանը կմասնակցի «Բավարիայի» դեմ խաղին. Էմերի

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի «Բավարիայի» դեմ ընկերական հանդիպմանը: Այս մասին հուլիսի 16-ին կայացած «Կոլորադո Ռեփիդզի» դեմ ընկերական խաղից հետո ասել է լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ունաի Էմերին: Ամերիկյան շրջագայության առաջին խաղին, որում «զինագործները» հաղթեցին 3:0 հաշվով, չէին մասնակցել թիմի հիմնական կազմի մի շարք խաղացողներ՝ այդ թվում Հայաստանի հավաքականի ավագը:

«Չորեքշաբթի խաղում ենք «Բավարիայի» դեմ: Հանգստանալու համար մենք ընդամենը 2 օր ունենք: Այսօրվա նպատակն էր խաղադաշտում երիտասարդներին տեսնելն ու որոշ ֆուտբոլիստների խաղաժամանակ տալը: Չորեքշաբթի օրը կխաղան այն խաղացողներից մի քանիսը, որոնք դեռ չեն խաղացել, օրինակ, Սոկրատիսը, Մխիթարյանը, Ջական, եւ Ռիս Նելսոնը: Որոշ խաղացողներ էլ քիչ են խաղացել: Մեր նախապատրաստությունը շատ կարեւոր է «Բավարիայի», «Ֆիորենտինայի», «Ռեալի» դեմ խաղերի համար»,- իսպանացի մարզչի խոսքերն է մեջբերում «Արսենալի» պաշտոնական կայքը:

«Զինագործները» 2019-2020 մրցաշրջանի նախապատրաստությունը սկսել են անցած շաբաթ: «Բավարիայի» դեմ հուլիսի 18-ի հանդիպումը կայանալու է Չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկության շրջանակներում: Այս ընկերական մրցաշարի ընթացքում հուլիսի 20-ին կկայանա «Ֆիորենտինայի», իսկ հուլիսի 24-ին՝ Մադրիդի «Ռեալը» դեմ խաղը: