Եվրո 2019. ՀՀ հավաքականը տեղավորվեց խմբի վերջին տեղում

Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների 2019 թ. առաջնության 2-րդ տուրից հետո ՀՀ ֆուտբոլի հավաքականը հայտնվեց A խմբի վերջին՝ 4-րդ, հորիզոնականում: Երեկ՝ հուլիսի 17-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2-րդ անընդմեջ խոշոր հաշվով պարտությունը կրեց: Իտալիային զիջեց 0:4: Առաջին խաղում Իսպանիային պարտվել էր 1:4, եւ այդ հանդիպումից հետո խմբում 3-րդն էր:

Այս պահին Հայաստանը միավորներ չունի: Առաջատարն Իսպանիան է 4 միավորով: Նույնքան միավոր ունի մրցաշարի գործող չեմպիոն Պորտուգալիան, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զիջում է ու 2-րդն է: Պորտուգալիան երեկ մրցաշարի ռեկորդային 7-ակի չեմպիոն Իտալիայի հետ կիսեց միավորները: Իտալիան ունի 3 միավոր ու 3-րդն է:

A խումբ

1.Իսպանիա 4 միավոր

2.Պորտուգալիա 4 միավոր

3.Իտալիա 3 միավոր

4.Հայաստան 0 միավոր

A խմբում թեժ պայքար է ծավալվել: 2 ուղեգրերի համար պայքարում են 3 թիմեր: Այս խմբի վերջին՝ 3-րդ, տուրի խաղերը կայանալու են շաբաթ օրը՝ հուլիսի 20-ին: Սկսվելու են միաժամանակ՝ 21:00-ին: Պորտուգալիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա Երեւանի ֆուտբոլի ակադեմիայում, Իսպանիա-Իտալիա հանդիպումը՝ «Հանրապետականում»:

Այսօր տեղի կունենան B խմբի 2-րդ տուրի խաղերը: 18:45-ին ֆուտբոլի ակադեմիայում կմեկնարկի Չեխիա-Նորվեգիա, 21:00-ին «Բանանցում»՝ Իռլանդիա-Ֆրանսիա խաղը:

Եվրո 2019 Երեւանում մեկնարկել է հուլիսի 14-ին: Եզրափակիչը կկայանա հուլիսի 27-ին