Քաղաքական մեկնաբանը կարևորում է Կապանից Հադրութ ճանապարհը՝ «Իրանի հետ կապի առումով»

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը բարձր է գնահատում Հայաստանը Արցախին կապող երրորդ՝ Հարավային ուղղությամբ ճանապարհ կառուցելու որոշումը:

Ինչպես «Ազատության» եթերում հայտնել էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, կառավարությունը ծրագրում է 2020 թվականին Արցախը Հայաստանին կապող մինչև 150 կիլոմետր ճանապարհ կառուցել, որը կձգվի Կապանից մինչև Հադրութ:

«Երրորդ ճանապարհի հանգամանքը ես կարևորում եմ մի քանի առումներով: Նախ՝ ինքնին որպես ենթակառուցվածք, որը, ինչպես նշեցի, Հայաստան – Արցախ կապի համար երբեք շատ չի կարող լինել: Բացի դրանից, զուտ աշխարհագրական իմաստով, իհարկե, շատ կարևոր է, որովհետև խոսքը վերաբերում է նաև հենց Սյունիքով հաղորդակցության հնարավորություններն ավելի մեծացնելու մասին, և այստեղ, իհարկե, իրական քաղաքականության ռեժիմում, ոչ ֆորմալ առումով, ես կարևորում եմ այս հանգամանքը նաև Իրանի հետ կապի առումով, որովհետև վերջին հաշվով այս հարավային ռեգիոնը, Արցախի ազատագրված տարածքները նաև Իրանի համար շատ մեծ հետաքրքրություն ներկայացնող հանգամանք են», – «Ազատության» հետ զրույցում նշեց քաղաքական մեկնաբանը: ֊ «Եվ այս առումով ես շատ կարևոր եմ համարում այն հայտարարությունը, որ ԱԱԾ պետն էր արել, որպես անվտանգության սպա, նշելով, որ մենք որևէ տարածք հանձնելու մտադրություն չունենք և պետք է մտածենք այդ տարածքները վերաբնակեցնելու մասին և այս հայտարարությունը հնչել էր այն օրերին, երբ Նիկոլ Փաշինյանն էր պաշտոնական այց կատարել Իրան», – հավելեց Հակոբ Բադալյանը:

Չնայած Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտնել էր, որ համապատասխան որոշումը արդեն կայացվել է և ֆինանսական միջոցները ևս կան, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացրին, որ նախագիծը դեռ գաղափարի փուլում է և այս իրենք որևէ մանրամասն հաղորդել չեն կարող: