ԱՄՆ-ում շունը լիզելով վարակել է տիրոջը. ձեռքը մասամբ անդամահատել են

Կենդանիների հետ շփվող մարդկանց ճնշող մեծամասնությունը չի հիվանդանում, սակայն խայթվածները կամ թույլ իմունային համակարգ ունեցողները կարող են վարակվել կենդանիներից:

Ամերիկուհի Մարի Թրեյները սկզբում թուլություն և տճահ զգացողություններ է ունեցել: Նա մտածել է, թե գրիպ է և որոշել է պառկել-հանգստանալ: Բայց քնած ժամանակ Մարիի ամուսինը մի քանի անգամ չափել է ջերմությունը և նկատել, որ նախ՝ այն չափազանց բարձրանում է, ապա` կտրուկ իջնում մինչև 34°C:

Ամուսինը շտապօգնություն է կանչել, կնոջը հոսպիտալացրել են: Բժիշկները պարզել են, որ կնոջ մոտ գանգրենա է ձեռքի այն հատվածում, որտեղ Մարիի շունը լիզել է: Սկսվել է ինտենսիվ բուժումը:

Երկու օր անց բժիշկները դիմել են սեդացիայի (դեղերի միջոցով արհեստական կոմայի մեջ են գցել): Մի քանի օր անց կինն արթնացել է մասնակի անդամահատված ձեռքով: Սկզբում բժիշկները փորձել են չգնալ այդ քայլին, հեռացնել միայն տրոմբները, որոնք Capnocytophaga բակտերիաների պատճառով էին առաջացել: Սակայն հիվանդությունն արագ տարածում է ունեցել, բժիշկները ստիպված դիմել են ծայրահեղության:

Բժիշկները տեղեկացրել են, որ օրգանիզմի այսպիսի ծանր արձագանքը նմանատիպ բակտերիաներին հազվադեպ է, պատահում է միլիոնից մոտավորապես մեկի հետ: Այն նաև անկանխատեսելի է. մարդը կարող է շնից վարակվել այդ բակտերիաներով՝ դրանց ազդեցությանը ենթարկվելով տարիներ շարունակ, և չզգալ բացասական հետևանքները, բայց բավական է իմունային համակարգը թուլանա, և դրանք գլուխ են բարձրացնում:

Հատկանշական է, որ շների 74 տոկոսի բերանում բակտերիաներ կան, սակայն իրենք՝ կենդանիները, դրանից չեն հիվանդանում: Կատուները նույնպես Capnocytophaga տեսակի միկրոօրգանիզմներ են կրում, բայց ավելի քիչ են փոխանցում մարդկանց: Կենդանիների հետ շփվող մարդկանց ճնշող մեծամասնությունը չի հիվանդանում, սակայն խայթվածները կամ թույլ իմունային համակարգ ունեցողները կարող են վարակվել կենդանիներից:

Հավելյալ տեղեկություն

Գանգրենան (փտախտ) բակտերիաների գործունեության հետևանքով մարդու օրգանիզմի կենդանի հյուսվածքների մահացումն է: Վնասված հատվածները սովորաբար սևանում կամ մուգ գույն են ստանում` պայմանավորված հյուսվածքների ոչնչացման հետևանքով առանձնացող ծծմբաջրածնի և արյան հեմոգլոբինի երկաթի փոխազդեցությամբ: Գանգրենան կարող է իրեն ծնող բակտերիաների հետ տարածվել ամբողջ մարմնով, այդ պատճառով դրա դեմ պայքարի լավագույն միջոցը վնասված հյուսվածքների հեռացումն է և հակաբակտերիալ թերապիան: