Դատական դեպարտամենտը պարզաբանում է՝ ինչու Քոչարյանի գործը դեռ չի մակագրվել այլ դատավորի

Դատական դեպարտամենտը պարզաբանում է, թե ինչու դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցումից հետո Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը չի մակագրվել այլ դատավորի։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Վերաքննիչ քրեական դատարանի հունիսի 25-ի հայտնի որոշումները բողոքարկվել են վճռաբեկ ատյան, որտեղ դրանք մուտքագրվել են օգոստոսի 6-ին։ Համաձայն օրենքի՝ երեք ամսվա ընթացքում Վճռաբեկը կամ գործը կընդունի վարույթ կամ էլ կմերժի։ Վարույթ ընդունելու դեպքում արդեն գործը կքննվի։ Եվ երբ արդեն Վճռաբեկը որոշում կայացնի, դրանից հետո պարզ կդառնա այն առաջին ատյանի դատարան ուղարկելու ժամկետը։

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ Գրիգոր Բեքմեզյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ որպեսզի Քոչարյանի գործը մակագրվի առաջին ատյանի դատարանի որևէ դատավորի, կարիք կա, որ գործի նյութերը լինեն հենց այդ դատարանում, մինչդեռ դրանք հիմա գտնվում են Վճռաբեկ դատարանում։

Հիշեցնենք, Վերաքննիչ դատարանը հունիսի 25-ին որոշեց կրկին կալանավորել Հայաստանի նախկին նախագահին, ինչպես նաև բեկանեց Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի որոշումը և գործն ուղարկեց նույն դատարան՝ նոր քննության։