Երևանում թալանել են հանցագործ աշխարհում հայտնի «հեղինակություն» Սիբիր Գագոյի տունը. գողը կամ գողերը տուն են ներթափանցել՝ երկաթյա ճաղավանդակը կտրելով. գողոնը կազմում է մի քանի միլիոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 12-ին առանձնապես խոշոր չափի բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք պատուհանի երկաթյա ճաղավանդակը հատուկ տեխնիկայով կտրելու միջոցով մտել են Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի բնակարան և այնտեղից հափշտակել ոսկյա, արծաթյա զարդեր, հնաոճ իրեր, խոշոր չափի գումար, տանտերերի անվամբ օրինական գրանցված զենքեր, թանկարժեք խմիչքներ և այլ իրեր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը։ Տեղում աշխատել են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է հանցագործ աշխարհում հայտնի «հեղինակություն» Սիբիր Գագոյին, ովքեր այս օրերին գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում։ Փաստի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։