2019-ի հուլիսին 2018-ի հուլիսի համեմատ անշարժ գույքի գործարքներն աճել են 17.1 տոկոսով․ Փաշինյան

2019 թվականի հուլիսին 2018 թվականի հուլիսի համեմատ Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են 17.1 տոկոսով, 2019 թվականի հուլիսին՝ 2019 թվականի հունիսի համեմատ 10.3 տոկոսով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը։

«Ամենաուրախալին այն է, որ 2019 թվականի հուլիսին 2018 թվականի հուլիսի նկատմամբ արտադրական նշանակության անշարժ գույքի գործարքներն աճել են 11.7 տոկոսով, 2019 թվականի հուլիսին՝ հունիսի համեմատությամբ՝ 3.1 տոկոսով: Շատ ավելի ուրախալի է, որ գործարքների աճը գրանցվել է մարզերի և ոչ թե մայրաքաղաք Երևանի հաշվին: Ի դեպ, նախկինում, երբ անշարժ գույքի գործարքների աճի մասին գրառումներ եմ արել, շատ ակտիվ են եղել այն օգտատերերը, որոնք նշում են, թե մարդիկ տները վաճառում են և հեռանում: Հարգելիներս, Ձեր ասած իրավիճակում անշարժ գույքի գները և գործարքները ոչ թե աճում են, այլ նվազում, որովհետև վաճառողները շատ են լինում, իսկ գնողները քիչ, և մարդիկ նույնիսկ մեծ ցանկություն ունենալով՝ տարիներով չեն կարողանում վաճառել իրենց բնակարանը: Մոտավորապես նման իրավիճակ գոյություն ուներ մինչև 2018 թվականի հեղափոխությունը: Հիմա՝ հակառակ պրոցեսն է. գնողները շատ են, վաճառողները քիչ », – գրել է վարչապետը։

Փաշինյանը նաև ընդգծել է, որ 2019 հունիսին 2018-ի հունիսի նկատմամբ հիփոթեքային վարկերի ծավալն աճել է 174 տոկոսով, իսկ 2019-ի առաջին կիսամյակում 2018-ի առաջին կիսամյակի նկատմամբ՝ 120 տոկոսով:

«Սա առնվազն վերջին տասնամյակի համար ռեկորդային ցուցանիշ է: Ավելի քան ռեկորդային»,-գրել է վարչապետը: