Ադրբեջանցու քավոր՝ ոստիկանության գնդապետը ռուսական անօրինական պետհամարանիշեր է նվիրել «Բաղնիքի Արմանին»

Նախորդ տարվա մայիսի 23-ին մամուլում պաշտոնական տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանություն է տեղափոխվել գնդապետ Ռոբերտ Սմբատյանը․ նա նշանակվեց ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ։ Ի՞նչ իմանար նրան պաշտոնի նշանակող Վալերիյ Օսիպյանը, որ սույն պաշտոնյան իսկական գլխացավանք է դառնալու իր համար։

Ինչպես ժողովուրդն է ասում, իսկ ժողովուրդը չի սխալվում, առանց կրակ ծուխ չի լինում։

Դեռևս ու թերևս երկու կասկածելի դրվագ ոստիկանության սույն պաշտոնյայի մասին։

Օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրեց, որ սույն պաշտոնյան դարձել է հարսանիքի քավոր․ հարսանիք, որի փեսան ո՛չ ավել, ո՛չ պակաս, ադրբեջանցի է։ Ոստիկանությունը շտապեց հերքել՝ Սմբատյանի սանիկը ոչ թե ադրբեջանցի, այլ հայ է՝ փախստական։ Բանն այն է, սակայն, որNEWSPRESS.am-ն ամիսներ առաջ հրապարակել էր փեսայի՝ Ռոման Ասրիյանի կյանքի մութ պատմությունը։ Մենք հրապարակել էինք նաև Ասրիյանի անձնագիրը, որում հստակ երևում է, որ նրա հայրանունը Նադիր է։

Մեր տեղեկություններով՝ Ասրիյանը կրում է հայ մոր ազգանունը, իսկ հայրը՝ Նադիրը, իսկապես, ադրբեջանցի է, թե կուզեք՝ մասնավորեցնենք՝ Զաքաթալայից։ Սպասում ենք ոստիկանության պարզաբանմանը նաև այս մասով։

Ասրիյանը մեկն է, ով, նրա հանգուցյալ կնոջ հարազատների պնդմամբ՝ պարբերաբար դաժան ծեծի է ենթարկել երիտասարդ կնոջը, կինը, ըստ, դիահերձումն իրականացրած բժիշկների ներկայացրած ակտի, մահացել է սրտի կանգից։ Երբ քանիցս ծեծի ենթարկված երիտասարդ կինը մահանում է սրտի կանգից, հետևություններն այդքան էլ բարդ չէ անելը։ Այժմ էլ ազատության մեջ հայտնված հայրը պատրաստ է երեխաներին մանկատուն տեղափոխել, միայն թե հայ մոր հարազատների մոտ չմնան։ Իսկ վերջիններս, մեր տեղեկություններով, չափազանց հոգատար վերաբերմունք են ցուցաբերում երեխաների նկատմամբ։

Այսպիսի որակի «Ադրբեջանից հայ փախստականին» քավորություն ու ենթադրաբար նաև հովանավորություն անում ոստիկանության գնդապետը։

Եվս մեկ դրվագ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի ամենակարող լինելու դրսևորումներից։

Օրեր առաջ մամուլը գրեց այն մասին, որ Սմբատյանը հովանավորում է «Բաղնիքի Արմանին»։

Նախ ներկայացնենք ոստիկանության հաղորդագրությունը «Բաղնիքի Արմանի» ուղղությամբ կրակոցներ արձակելու կապակցությամբ։

«Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 22:00-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ, 35-ամյա մի տղամարդ:

Նույն օրը՝ ժամը 22.35-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում նոր հաղորդում ստացվեց, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևանի բնակիչներ, 27 և 44-ամյա անձինք։

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների և քննչական կոմիտեի ծառայողների համատեղ ջանքերով պարզվել է, տղամարդիկ վնասվածքները ստացել են մայրաքաղաքի Աճեմյան փողոցի թիվ 209 հասցեում գտնվող հաստատությունում վիճաբանության ժամանակ։ Պարզվել են մասնակիցների ինքնությունը, այդ թվում՝ ապօրինի պահվող ատրճանակով կրակողի, որին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր եւ փամփշտատուփ՝ 9 մմ տրամաչափի 2 փամփուշտով»:

Այս գործով որպես մեղադրյալ է ներգրավված ու կալանավորված է Պետրոս Հարությունյանը՝ թաղային հեղինակություն Պոնտյոն։

Ոստիկանության հաղորդագրությունում հիշատակված 35-ամյա տղամարդը Հարությունյանի եղբայրն է՝ Գևորգ Հարությունյանը, ով եղբայրների հետ եկել էր «Բաղնիքի Արմանի» մոտ՝ ինչ-ինչ հարցեր պարզաբանելու նպատակով։ 44-ամյա տղամարդը՝ հենց Արման Ապիյանն է, իսկ երիտասարդը՝ նրա հետ այդ պահին եղած երիտասարդը։

Պարզ ու հասարակ տրամաբանությունը հուշում է, որ Հարությունյանը ավելի քան կես ժամ ավելի շուտ է հիվանդանոց տեղափոխվել․ սա նշանակում է, որ կրակոցները հնչել են միայն Գևորգ Հարությունյանի դանակահարությունից հետո։ Այստեղ է, որ հասնում ենք փակուղու։ Իսկ ո՞վ է դանակահարել նրան, մեղադրանք որևէ մեկին առաջադրված չէ, կալանավորված չէ ոչ ոք։ Հենց այստեղ է, որ կրկին բախվում ենք հովանավորչության․ «Բաղնիքին» ու յուր շրջապատին կրկին հովանավորում է ոստիկանության վերոհիշյալ պաշտոնյան՝ Ռոբերտ Սմբատյանը։

Ոստիկանությանը ևս մեկ խնդրանք-պահանջ էլ ունենք՝ պարզել ու պարզաբանել, թե այդ ինչ ռուսական կեղծ պետհամարանիշերի մասին է խոսքը, որը գնդապետ Սմբատյանը նվիրել է Արման Ապիյանին ու իր որդուն ու ասել, թե՝ եթե հարց լինի՝ զանգեք ինձ։ Հովանավորչությունն էլ պոզով-պոչո՞վ է լինում։

Ի՞նչ է ստացվում, որ գործ ունենք մեկի հետ, ով երկար տարիներ աշխատել է Ազգային անվտանգության ծառայությունում, քավորություն արել կասկածելի ծագում ու վտանգավոր ապրելակերպ ունեցող մեկին, այժմ էլ կապեր պահպանում քրեական տարրերի հետ։ Ազգային անվտանգությունում աշխատած տարիներին ձեռք բերած «կարևորագույն տեղեկությունների՞», թե՞ «այլ» գնով է սույն պաշտոնյան մնում իր աթոռին, բայց որ նրանով իսկապես լրջորեն պետք է զբաղվեն ինչպես հենց իր ներկայիս վերադասը, այնպես էլ նախկին աշխատավայրում, այլևս անհրաժեշտություն է դառնում։