Ոստիկանների ներկայությամբ Շատինում գրանցված միջադեպի առթիվ Վալերիյ Օսիպյանի հրամանով ծառայողական քննություն է նշանակվել

Եղեգնաձորի Շատին համայնքում բնակարանային հարցով միջադեպի ժամանակ ոստիկանների ներկայությամբ գրանցված դեպքի առթիվ Ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել:

Այդ առնչությամբ Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից հայտնեցին. «Ոստիկանության պետի հրամանով դեպքի առնչությամբ ծառայողական քննություն է նշանակվել»:

Հիշեցնենք, որ Եղեգնաձորի Շատին համայնքում քաղաքացի Քնարիկ Հայրապետյանը, դատարանի վճռով մարզպետարանի կողմից իրեն հատկացված բնակարանում ապրելու իրավունքից զրկված լինելով պայմանավորված, դիմել է ոստիկանություն։ Ոստիկանները ժամանել են նրա մուտքը բնակարան արգելող Վազգեն Հայրապետյանի տուն, այդ ընթացքում  վատացել է Հայրապետյանի 32-ամյա դստեր ինքնազգացողությունը, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Ըստ Քնարիկ Հայրապետյանի՝ որևէ քաշքշոց չի եղել, ոստիկանները բարեկիրթ մտել են բնակարան ու հանգիստ զրուցել:

Շատինի բնակիչ Վազգեն Հայրապետյանը Factor.am-ին փոխանցել էր, որ այսօր՝ մինչ կեսօր, իրենց տուն են եկել Եղեգնաձորի ոստիկանության բաժնի ոստիկանները և ստիպել, որ լքեն հանրակացարանի՝ իրենց տրված սենյակներից մեկը: Վազգեն Հայրապետյանի պնդմամբ՝ արդյունքում սրտի հետ կապված խնդիրներ ունեցող իր դուստրը ուշագնաց է եղել, իսկ հիվանդանոցի ճանապարհին մահացել է։