Ոստիկանները գրպանահատության հերթական դեպքն են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օգոստոսի 15-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ նույն օրը 58 երթուղու ավտոբուսի մեջ ինչ-որ մեկը պայուսակից գաղտնի հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել է փող, նույնականացման ու բանկային քարտեր:
Հաղորդումը ստանալուն պես ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները սկսեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկել:
Բացահայտման աշխատանքներին միացան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, և հենց նրանց պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ էլ օրեր անց գողություն կատարած անձը հայտնաբերվեց:
Օգոստոսի 21-ին, ժամը 19.30-ի սահմաններում, ստացված տեղեկություններն իրացնելով` քրեական հետախույզները Ֆրանսիայի հրապարակից ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին Ամիրյան փողոցի 31-ամյա մի բնակչի:
Նա խոստովանել է կատարածը:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Քաղաքացիներին կրկին հիշեցնում ենք` մարդաշատ վայրերում պայուսակները, դրամապանակները, բջջային հեռախոսները պահել տեսադաշտում, նման վայրերում զերծ մնալ թանկարժեք զարդերն ի ցույց դնելուց: