Հայտնի է՝ Ջուլֆալակյանի աղմկահարույց հրաժարականից հետո ով է գլխավորելու ՀՀ հունահռոմեական ըմբշամարտի ընտրանին

ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի ժամանակավոր գլխավոր մարզիչn է լինելու Էդուարդ Սահակյանը: Այս մասին հայտնում է ՀՀ Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ սա ֆեդերացիայի որոշումն է:

2-րդ մարզիչ է լինելու Գեւորգ Ալեքսանյանը, որը օլիմպիական չեմպիոն, չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանի (97 կգ) հայրն է: Հավաքականի մյուս մարզիչը լինելու է Սամվել Գեւորգյանը: Այսինքն՝ նույն մարզչական շտաբը շարունակում է աշխատանքը պարզապես առանց Լեւոն Ջուլֆալակյանի: Մարզիչները վաղը՝ սեպտեմբերի 3-ին, «Օլիմպավանում» կհայտարարեն Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայանալիք ըմբշամարտի աշխարհի 2019 թ. առաջնությանը մեկնող հավաքականի կազմը:

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարականի մասին պաշտոնապես հայտնեց անցած շաբաթ: Նա ընտրանին գլխավորում էր շուրջ 20 տարի՝ 1999 թվականից:

Ջուլֆալակյանը հրաժարականը բացատրել է նրանով, որ հավաքականի որոշ մարզիկներ փորձում են իրենց կամքը թելադրել իրեն եւ դավադրություն են կազմակերպել: Հավաքականում առաջացած ինտրիգներից մեկն այն է, որ մարզիկների մեջ հարց է առաջացել, թե ով պետք է մրցումների մասնակցի օլիմպիական 87 կգ քաշային կարգում՝ ոչ օլիմպիական 80 եւ 82 կգ քաշային կարգերում համապատասխանաբար աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ մանուկյանը, թե 87 կգ քաշային կարգում աշխարհի առաջնության բրոնզեմեդալակիր Արթուր Շահինյանը: Մյուս ինտրիգը կապված է 77 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանի ու Եվրոպայի բրոնզեմեդալակիր Կարապետ Չալյանի հետ: Կան կարծիքներ, որ Լեւոն Ջուլֆալակյանը կողմնապահություն է անում որդու օգտին:

20 տարվա ընթացքում Ջուլֆալակյանը մեծ նվաճումների է հասցրել ընտրանու մարզիկներին: Նրա ղեկավարությամբ Հայաստանը 70 մեդալ է ձեռք բերել խոշոր մրցումներում՝ օլիմպիական խաղերում (6), աշխարհի (18), Եվրոպայի (41) առաջնություններում, աշխարհի գավաթի խաղարկություններում ու համաշխարհային ուսանողական խաղերում (5): Նրա գլխավորությամբ 20 տարի անց Հայաստանն օլիմպիական չեմպիոն ունեցավ. 2016 թ. Ռիոյի օլիմպիական խաղերում ոսկի նվաճեց Արթուր Ալեքսանյանը: