Բացահայտվել է կեղծ փողերի իրացման դեպք. հայտնաբերվել է 14.000 կեղծ եվրո

Ապրիլի 11-ի գիշերը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն բերման ենթարկվեց Երևանի բնակիչ Սարգիս Անանյանը։

Ոստիկանության փոխանցմամբ, գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Անանյանը բուքմեյքերական ընկերություններից մեկի գրասենյակում կեղծ եվրոներով պետք է խաղադրույք կատարի։

Թղթադրամներն իրացնելուց անմիջապես հետո երիտասարդը բռնվեց ու բերման ենթարկվեց ոստիկանություն։ Նախնական տվյալներով՝ Սարգիս Անանյանը, դեռևս չպարզված այլ անձանց հետ, բուքմեյքերական ընկերության գրասենյակում որպես խաղադրույքների վճար իրացրել է 16 հատ 200 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամներ՝ ընդհանուր 3200 եվրո։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 8 հատ 200 եվրո անվանական արժեքով թղթադրամ՝ ընդհանուր 1600 եվրո։ Ոստիկանները նրա բնակության հասցեի խորդանոցից առգրավվեցին 200 եվրո անվանական արժեքով 46 թղթադրամ՝ ընդհանուր 9200 եվրո։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 14.000 կեղծ եվրո ձեռք բերելու, պահելու և մի մասն իրացնելու կապակցությամբ կատարվում է քննություն։

Սարգիս Անանյանը ձերբակալվել է։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։