Քիմ Քարդաշյանը կայցելի Հայաստան. պաշտոնական

Ակտիվիստ, ձեռնարկատեր, գեղեցկության մոգուլ եւ պրոդյուսեր Քիմ Քարդաշյան-Վեսթը մասնակցելու է «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես հատուկ հիմնական զեկուցող եւ պանելիստ։ Այս մասին պաշտոնապես հայտնել են «WCIT 2019»-ի կազմակերպիչները: ՏՏ աշխարհի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկն այս տարի տեղի է ունենալու Երեւանում՝ Հայաստանում, հոկտեմբերի 6-9-ին։

Քիմ Քարդաշյան-Վեսթը հանդես կգա «Գաղափարների շուկա» լիագումար նիստում, որտեղ կքննարկվի, թե ապակենտրոնացված տեխնոլոգիաները որքանով են նպաստել ժամանցի, մեդիայի եւ լրագրության աշխարհների ժողովրդայնացմանը եւ թե որքանով են հեղափոխել արվեստի, տեղեկատվության տարածման մեր մեթոդները՝ նոր աստղեր պատրաստելու ճանապարհին: «Գաղափարների շուկա» պանելային քննարկումները կպարզեն, թե ինչ են նշանակում այս զարգացումները անձնական կյանքի գաղտնիության, սոցիալական հարաբերությունների, ինստիտուտների նկատմամբ վստահության եւ նոր բիզնես մոդելների համար:

«Գաղափարների շուկա» պանելի ընթացքում անհատական ելույթից հետո Քիմ Քարդաշյան-Վեսթը դեմ առ դեմ հարցազրույց կունենա, այնուհետեւ բեմին կմիանա պանելիստների ականավոր գործիչների խմբին, որոնց շարքում կլինի համաշխարհային ճանաչում ունեցող հայկական «PicsArt» ընկերության համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը՝ շարունակելու հետագա քննարկումները։

Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ը հայտնել էր Քարդաշյանի այցի մասին: ՀԺ-ն նաեւ նշել էր, որ հրավիրված հյուրերի թվում եղել է նաեւ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, սակայն նրա մասնակցությունը ինչ-ինչ պատճառներով չի հաստատվել: WCIT հայտարարություններում նշվում է, որ մասնակիցների թվում է նաեւ ամերիկյան Reddit սոցցանցի, Initialized Capital վենչուրային ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանը: