Դեղերի զուգահեռ ներմուծման համակարգի կիրառման օրենսդրական խոչընդոտները կվերացվեն. ՏՄՊՊՀ

Սպառողները հաճախ դժգոհություններ են հայտնում, որ Հայաստանում դեղերի գները մյուս երկրների համեմատ բարձր են: ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից տնտեսվարողների մոտ իրականացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դեղերի բարձր գները պայմանավորված են ներմուծման բարձր գներով, քանի որ  հաճախ արտադրողները տարբեր երկրներին նույն արտադրանքը տրամադրում են տարբեր գներով:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից հայտնում են, որ խնդրի լուծում կարող է լինել զուգահեռ ներմուծման համակարգը, որը ներկայումս լիաժեք չի գործում: Արդյունքում՝ մուտքի խոչընդոտներ են ստեղծվում ինչպես ԵԱՏՄ տարածքից (մասնավորապես` Ռուսաստանից), այնպես էլ երրորդ երկրներից էժան ճանապարհով դեղերի ներմուծման համար:

Պատճառն այն է, որ ՀՀ-ում զուգահեռ ներմուծման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում ներմուծվող եւ գրանցված դեղերի միմյանց 100%-ով համապատասխանելը:

Մինչդեռ միջազգային պրակտիկայում դեղերի զուգահեռ ներմուծումը թույլատրվում է նաեւ այն դեպքում, երբ գրանցված եւ ներմուծվող դեղերի միջեւ առկա տարբերությունները չեն ազդում դրանց անվտանգության եւ արդյունավետության վրա:

Արդյունքում՝ Հանձնաժողովի կողմից մշակվել եւ առաջարկվել է իրականացնել մի շարք փոփոխություններ «Դեղերի մասին» ՀՀ օրենքում, որոնց արդյունքում ակնկալվում է, որ կբացառվեն զուգահեռ ներմուծվող դեղերի վրա դրված այն սահմանափակումները, որոնք չեն ազդում դրանց անվտանգության եւ արդյունավետության վրա: