Սանիթեքը ստացել է 4 մլրդ 700 մլն դրամ, սա հերթական սաբոտաժն է, որը կազմակերպել են նախորդ իշխանությունները. Անի Խաչատրյան

Երեւանի քաղաքապետարանը «Սանիթեք» ընկերությանը օգոստոս ամսվա համար փոխանցել է մոտավորապես 4 միլիարդ 700 միլիոն դրամ: Այսօր այս մասին ասաց ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը՝ իջնելով բողոքի ցույցի մասնակիցների մոտ:

Նա նշեց, որ քաղաքապետարանը նախատեսվող 5 միլիարդ 200 միլիոնից պակաս է փոխանցել միայն 280 միլիոն դրամ: Պատճառը՝ համապատասխան աշխատանքը չկատարված լինելն է: Ավագանու անդամը նկատեց, որ մինչեւ այժմ «Սանիթեքն» ասում էր՝ չունեմ վառելիքի գումար, եւ մեքենաները դուրս չեն գալիս աշխատանքի, հիմա էլ պարզվում է, չվճարված գումարը նաեւ աշխատավարձի խնդիր է առաջացրել:

«Բա էլ ինչն է ինքը անում: Բա էն մնացած գումարն ինչի համար է: «Սանիթեքը» 4 միլիարդ 700 միլիոնի չափ գումար է ստացել: Պետք է դիմեք դատարան, կարծում եմ, կամ պետք է փորձեք «Սանիթեքի» դիմաց հանրահավաք անել: Ոչ քաղաքապետարանը, ոչ քաղաքապետը, ոչ մեզանից որեւէ մեկը իրավասություն չունենք «Սանիթեքից» պահանջել՝ վճարի ձեր գումարը»,- բողոքի ցույցի մասնակիցներին դիմելով՝ ասաց Անի Խաչատրյանը՝ այդուհանդերձ, խոստանալով հավելյալ ճշտել իրավասությունների շրջանակը:

«Սանիթեքի» այս գործողությունները նա անվանեց սաբոտաժ: «Սա Սանիթեքի հերթական սաբոտաժն է Երեւանին, Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու: Սա հերթականն սաբոտաժն է՝ ինչ-որ տեղերից միգուցե կառավարվող՝ օգտագործելով Երեւանի քաղաքացուն, օգտագործելով այդ մարդկանց եւ նրանց ուժը, ուղարկում է Երեւանի քաղաքապետարան»,- ասաց «Լույս» խմբակցության քարտուղարը: Ավելացրեց, որ սաբոտաժի հեղինակները նախորդ, իսկ ավելի հավանական է՝ նախորդի նախորդ իշխանություններն են:

«Սանիթեքի» աշխատակցիներն այսօր հավաքվել են Երեւանի քաղաքապետարանի մոտ եւ պահանջում են օգոստոս ամսվա իրենց չվճարված աշխատավարձը: Ընկերությունում նրանց ասել են, որ քաղաքապետարանը չի փոխանցել համապատասխան գումարը, եւ իրենք էլ հնարավորություն չունեն աշխատավարձերը վճարելու: