«Ուզում եմ, որ ոչ մի երեխա Հայկի նման մանկություն չունենա». «Թղթե երազանք»-ից Մանվել Լոռեցյանի իրական երազանքներն

«Շանթ» հեռուստաընկերության «Թղթե երազանք» հեռուստասերիալը հեռուստադիտողին ամեն օր փոխանցում է տաբեր էմոցիաներ՝ հուզմունք, ժպիտ, թախիծ… իսկ այդ ամենում առանցքային դեր ունի ոչ միայն սցենարը, այլեւ դերասանական խաղը: Հեռուստասերիալը բացահայտեց մի շարք նոր եւ տաղադավոր դերասանների, որոնց թվում է 10-ամյա Հայկին մարմնավորող Մանվել Լոռեցյանը: Փոքրիկ տղայի հայացքը, խոսքն ու երազանքների ձգտումը հուզել է շատերին, եւ համոզված ենք՝ սերիալի երկրպագուներին կհետաքրքիր՝ ինչպիսի՞ն է Հայկի դերակատարն իրական կյանքում, ի՞նչ երազանքներ եւ նպատակներ ունի, եւ որքանո՞վ է նման իր կերտած հերոսին:

NEWS.am STYLE-ը զրուցել է հեռուստադիտողի կողմից միանգամից սիրված եւ ընդունված պատանու հետ՝ պարզելու շատերին հետաքրքրող հարցերի պատասխանները:

Մանվելը 11 տարեկան է, ծնվել եւ ապրում է Գյումրիում՝ արհեստավորի ընտանիքում: «Թղթե երազանք»-ում հայտնվել է շնորհիվ դպրոցական բեմադրության.

«Դասղեկիս կազմակերպած «Հայրենադարձ որդին» միջոցառման գլխավոր դերակատարն էի, բեմադրությամբ զբաղվում էր Նառա Սանթոյանը: Նա էլ հենց դասընկերներիս եւ ինձ տարավ մասնակցելու քասթինգի. փուլ առ փուլ այն անցնելուց հետո ընտրեցին ինձ»:

Անդրադառնալով իր եւ Հայկի նմանությանը՝ Մանվելը նշում է.

«Ես էլ Հայկի նման շատ երազանքներ ունեմ. առաջին երազանքս կատարեց նախագահը: Ես տեսա, որ երազանքները կատարվում են, ուզում եմ, որ քաղաքում ոչ մի տնակ չլինի եւ ոչ մի երեխա Հայկի նման մանկություն չունենա, քույրիկս էլ շուտ առողջանա…»:

Հարցին՝ որն է եղել ֆիլմում իր համար ամենադժվար տեսարանը, Մանվելը, ինչպես եւ Անի Պետրոսյանը, հիշեց ապտակի տեսարանը, որտեղ մայրը, որին մարմնավորում է Անին, բարկացած պահին ապտակում է Հայկին.

«Այդ տեսարանը բնական նկարահանվեց, իսկ երբ այն ավարտվեց, ես տեսա, որ ամբողջ նկարահանող խումբն ինձ հետ լաց էր լինում»:

Փոքրիկ դերասանին շատ է տպավորել նաեւ Դավիթ Հակոբյանի հետ խաղը, իրենց հերոսների տեարաններն ու երկխոսությունները:

Իսկ դպրոցում Մանվելով հպարտանում են. ասում է՝ հաճախ փաթաթվում են, շնորհավորում եւ լուսանկարվում իր հետ, նաեւ փաստում՝«դու լավ դերասան կարող ես լինել», իսկ տղայի բացակայություններին դպրոցում հասկանալով են մոտեցել եւ հարգելի համարել:

Խոսելով դպրոցից՝ նկատեցինք, որ ֆիլմում Մանվելի հերոսը շատ է սիրում սովորել, հատկապես, գերազանց է Մաթեմատիկա առարկայից: Հետաքրքրվեցինք, թե ինքը՝ Մանվելը, որ առարկաներն է առավել հաճույքով սովորում:

«Սիրում եմ Տեխնալոգիա, Ֆիզկուլտուրա, Շախմատ, Հայոց լեզու, Բնագիտություն առարկաները»,-նշում է ու անկեղծորեն հավելում,- «Դե, Հայկի նման լավ մաթեմատիկա չգիտեմ»:

Հեռուստասերիալի երկրպագուներին Մանվելի խաղը հաճախ ստիպում է արտասվել, իսկ ի՞նչ զգացողցություններ է ունենում անձամբ դերասանը, երբ դիտում է իր մասնակցությամբ տեսարանները,

«Ֆիլմը նայում եմ, այդ պահերը աչքիս առաջ են գալիս, բայց դեռ շատ բան ունեմ սովորելու»,-ասում է նա ու նշում, որ նկարահանման առաջարկներ ստանալու դեպքում՝ կրկին սիրով կհայտնվի տեսախցիկի առջեւ:

«Այո, ես տեսնում եմ ինձ՝ որպես դերասան, նաեւ՝ ֆուտբոլիստ, շախմատիստ: Հայրս արհեստավոր է՝ դարբին: Ես հորս արհեստն էլ եմ շատ սիրում»:

Սյունե Առաքելյան