Երեւանի փողոցները կմաքրվեն փոշեկուլներով. «Սանիթեքի» շահած մրցույթի հարցով Մարությանը դիմել է դատախազություն

Երեւանի ավագանին այսօր որոշեց համալրել «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի հաստիքակազմը՝ 424 հաստիքային միավորը դարձնելով 647 միավոր: Աշխատավարձի ամսական բյուջեն ընդհանուր առմամբ կկազմի շուրջ 161 միլիոն դրամ՝ նախկին 96 միլիոն 570 հազար դրամի փոխարեն:

Այս վերանայման անհրաժեշտությունը պատճառաբանվեց նրանով, որ «Սանիթեք» ընկերությունն ընդհանրապես դադարել է աշխատել, եւ քաղաքի աղբահանությունն ու սանմաքրումն ամբողջությամբ պետք է իրականացնի համայնքային հիմնարկը, որը ստեղծվել էր ապրիլի վերջին:

Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին հետաքրքրեց՝ վերջնական հաշվարկներ կա՞ն, թե հիմնարկի գործունեության համար ընդհանուր առմամբ որքան գումար է հատկացվելու համայնքային բյուջեից: Քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը պատասխանեց, որ նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ այդ գումարներն առնվազն չեն գերազանցելու այն միջոցները՝ շուրջ 5.2 միլիարդ դրամը, որը (տարեկան) հատկացվում է «Սանիթեք» ընկերությանը: Ընդ որում, համայնքային հիմնարկն, ըստ փոխքաղաքապետի, նույն գումարի շրջանակում պատրաստվում է մատուցել մի քանի անգամ ավելի լավ ծառայություն:

Երեւանի աղբահանության եւ սանմաքրման համայնքային հիմնարկի նոր հաստիքացուցակով, մասնավորապես, նախատեսվում է հավաքարարի 150 հաստիք: Այս թիվը նախորդ հաստիքակազմի համեմատությամբ փոքր է, եւ ավագանու անդամների մեջ հարց առաջացավ՝ արդյոք դա բավարար է: Հայկ Սարգսյանը պարզաբանեց, որ ձեռքով աշխատանքին փոխարինելու են գալու փոշեկուլները, ինչը հեշտացնելու եւ արագացնելու է հավաքարարների գործը:

Ի դեպ, համայնքային հիմնարկի պարտականությունների մեջ է լինելու նաեւ բակային տարածքների մաքրությունը: «Սանիթեք» ընկերությունը մինչեւ այժմ դրանով չի զբաղվել, եւ բակերի մաքրության ապահովման գործառույթը պետք է իրականացնեին համատիրությունները:

«Ես անձամբ, հաշվի առնելով բոլոր զարգացած քաղաքների օրինակը, դեմ եմ, որ քաղաքապետարանն իրականացնի այս գործունեությունը, որովհետեւ ամբողջ աշխարհում դա անում են, այո՛, համատիրությունները: Այս պահին, քանի որ այդ պրակտիկան չկա, մենք այնուամենայանիվ, պետք է ապահովենք Երեւանի մաքրությունը: Մենք դա անելու ենք, բայց նաեւ ընթացքում պետք է ներառենք համատիրությունների պարտականությունների մեջ, որովհետեւ բոլորը իրենց իրավունքների մասին այսօր խոսում են, բայց պարտականությունների մասին մոռացել են: Այս ամենը պետք է բերել ընդհանուր դաշտ եւ քննարկել: Արձանագրում եմ, որ դա անելու ենք, բայց պետք է ավելի շատ իրենց վրա վերցնեն համատիրությունները ու իրապես սկսեն աշխատել: Եվ ոչ միայն այս մասով»,- արձագանքելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանի հարցին՝ ասաց Հայկ Մարությանը:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Լեւոն Զաքարյանը հորդորեց ուսումնասիրության առարկա դարձնել, թե «Սանիթեք» ընկերությունը տարիներ առաջ ինչպես է հաղթել հայտարարված մրցույթում՝ երկու լոտով: «Սանիթեքն», ինչպես հայտնի է, Երեւանում աղբահանություն իրականացնող միակ օպերատորն էր մինչեւ համայնքային հիմնարկի ստեղծումը, եւ նրա հետ կնքվել է երկու պայմանագիր:

Քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ այդ հարցադրումով արդեն դիմել են դատախազություն: «Փաստաթղթերի փաթեթը հավաքվել եւ ուղարկվել է դատախազություն»,- նշեց նա: