Չեխիայի նախագահը խոսել է Կոսովոյի անկախության ճանաչումը չեղարկելու մասին

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը խոսել է Կոսովոյի անկախության ճանաչումը չեղարկելու հարցից: Պաշտոնական այցով Սերբիայում գտնվող Չեխիայի առաջնորդը կոշտ քննադատություն է հնչեցրել Կոսովոյի հասցեին:

Մեծամասամբ ալբանացի ազգաբնակչություն ունեցող Կոսովոն անկախություն է հռչակել 2008 թվականին, և չնայած աշխարհի 110 երկիր, այդ թվում՝ Եվրամիության 23 անդամ երկիր ճանաչել է այն, Բելգրադը, ինչպես նաև Ռուսաստանը, Չինաստանը հրաժարվում են:

Զեմանը հայտարարել է, թե չի սիրում Կոսովոն, ապա հայտարարել, թե մտադիր է հավաքել չեխ սահմանադրագետներին՝ փորձելու հասկանալ՝ արդյո՞ք հնարավոր է Կոսովոյի հարցում փոխել Չեխիայի Հանրապետության դիրքորոշումը:

Չեխիայի 74-ամյա նախագահը հաճախ է հայտնվում միջազգային սկանդալի կենտրոնում իր աղմկահարույց հայտարարություններով: