Քոչարյանի աջակիցների կողմից ծեծի ենթարկված քաղաքացու ոտքը պատրաստվում են վիրահատել․ 3 անձ բերման է ենթարկվել

ուսանկարը՝ Factor.am-ի տեսանյութից

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստից հետո դատարանի բակում տեղի ունեցած միջադեպից տուժած քաղաքացու ոտքը պատրաստվում են վիրահատել։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի տնօրեն, վանասվածքաբան-օրթոպեդ Արմեն Բդոյանը։

Բդոյանն ասաց, որ հիվանդը՝ 52-ամյա տղամարդ, երեկ երեկոյան՝ ժամը 19։00-ի սահմաններում, շտապօգնության մեքենայով բերվել է հիվանդանոց, որտեղ նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն․

«Պարզվել է, որ հիվանդն ունի աջ սրունքի վերին երրորդ զույգի ոսկրերի կոտրվածք՝ տեղաշարժով, հոսպիտալացվել է ստացիոնար բուժման»,- նշեց բժիշկը։

Բդոյանը հայտնեց, որ ներկա պահին տուժողին պատրաստել են վիրահատական բուժման, քանի որ նմանատիպ կոտրվածքն ունի վիրահատության կարիք։ Վիրահատությունը պլանավորվում է այսօր։ Հիվանդի վիճակը կայուն է։ Ինչպես հայտնեց հիվանդանոցի փոխտնօրենը՝ մինչեւ ապաքինվելը կմնա հիվանդանոցում, հետո կանցնի վերականգնողական շրջան։

Հիվանդը, սակայն, կտրականապես հրաժարվում է շփվել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, հայտնել իր անունը։ Բուժաշխատողների հետ զրույցում նա պնդել է, որ վնասվածքը ստացել է ծեծկռտուքի ժամանակ։

Երեկ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել էր Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական առաջին նիստը։ Քոչարյանի պաշտպանները միջնորդել էին անհապաղ ազատ արձակել Քոչարյանին՝ հիմքում դնելով ՍԴ վիճահարույց որոշումը: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու, որը կհրապարակի սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13:00-ին:

Նիստին զուգահեռ՝ դատարանի բակում ընթանում էին բողոքի երկու ակցիաներ՝ հանուն եւ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի ազատության։ Ծեծկռտուքը, ըստ տուժածի եւ ակնատաեսների, տեղի է ունեցել երեկոյան 18։00-19։00-ի շրջանակներում, փողոցում։ Ականատեսներից մեկը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ Քոչարյանի աջակիցների մի խումբ՝ «Քոչարյան, հանցագործ» վանկարկելու համար 52-ամյա տղամարդուն գցել է գետնին ու սկսել ծեծել, որի հետեւանքով էլ քաղաքացին տարբեր վնասվածքներ է ստացել, ապա շտապօգնության մեքենակով տեղափոխվել հիվանդանոց։

Քաղաքացիներից մեկը պատմեց, որ 52-ամյա տղամարդը ճամփեզրով քայլելիս է եղել, երբ Քոչարյանի աջակիցները հարձակվել են, հարվածել դեմքին եւ սկսել ծեծել։ Նրա պնդմամբ՝ ոստիկանությունը ծեծողներին բերման է ենթարկել։

Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից ՀԺ-ին հայտնեցին, որ երեք անձ բերման է ենթարկվել։ Ոստիկանությունն այլ մանրամասներ կհաղորդի ավելի ուշ՝ հաղորդագրության տեսքով։

Armtimes.com