Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ կեղծ եվրո իրացրած օտարերկրացի կինը ձերբակալվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սեպտեմբերի 12-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության և Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացան, որ Գյումրիում մի օտարերկրացի կին սեպտեմբերի 8-ին 500 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամ է իրացրել։ 40-ամյա կնոջը ոստիկաններն օպերատիվ կերպով հայտնաբերեցին ու կասկածանքով բերման ենթարկեցին Կումայրիի բաժին։ Ոստիկանություն հրավիրվեց Գյումրում ապրող 56-ամյա տղամարդը, որին կինը կեղծ եվրոն իրացրել էր։ Թղթադրամը վերցվեց և ուղարկվեց փորձաքննության։ Դատանյութագիտական և դատափաստաթղթաբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ հաստատվեց քրեական հետախույզների տեղեկությունը․ եվրոն կեղծ էր։ Ոստիկանության Կումայրիի բաժնում կնոջը ձերբակալելու որոշում կայացվեց։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին 6500 եվրո, 825 դոլար և 184 հազար դրամ։ Թղթադրամներն առգրավվել են՝ հետագա գործողությունների համար։ Քննությունը շարունակվում է։