Կառավարությունը որոշում կայացրեց Իսրայելում Հայաստանի դեսպանություն բացելու մասին

Կառավարությունն այսօր որոշում կայացրեց Իսրայելում Հայաստանի դեսպանություն բացելու վերաբերյալ:

«Մերձավորարևելյան տարածաշրջանում Իսրայելը հանդիսանում է կարևոր դերակատար: Դեսպանության ստեղծումը կնպաստի երկկողմ հարաբերությունների խորացմանն ու Հայաստանի շահերի պաշտպանությանն այդ տարածաշրջանում», – շեշտեց արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Ըստ հաստատված նախագծի՝ դեսպանության նստավայրը կլինի Թել Ավիվը: «Հայ-իսրայելական երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումն ապահովելու առումով, կարևորվում է հնարավորինս սեղմ ժամկետներում (2019թ. վերջ, 2020թ. սկիզբ) Թել Ավիվում ՀՀ դեսպանությունը ստեղծելը», – ասված է որոշման մեջ:

«Իսրայելում ՀՀ դեսպանություն ստեղծելը, և այդպիսով երկկողմ հարաբերություններին նոր զարկ տալը ուղղված է տարածաշրջանում Հայաստանի շահերն առավել արդյունավետ պաշտպանելուն: Դեսպանություն հիմնելը միտված է նաև պետական մակարդակով ներգրավվելու բազմադարյա հայկական ներկայության, հարուստ պատմա-մշակութային ժառանգության, Հայ Առաքելական եկեղեցու՝ Սուրբ վայրերի իրավատեր լինելու պահպանմանը», – ասված է փաստաթղթում: