Մանվել Գրիգորյանի ունեցվածքը ինչի՞ չեք վաճառում, օգնում մայրերին․ վարչապետը՝ Գրիգորյանի նախկին օգնականին

– Դուք Մանվել Գրիգորյանի օգնականը չե՞ք։

– Եղել եմ։

– Բա Մանվել Գրիգորյանի ունեցվածքը ինչի՞ չեք վաճառում եւ օգնում զոհվածների մայրերին, կամ մինչեւ 2018 թվականը  ինչի՞ չեք վաճառել․․․ թրերը, ոսկիները, փողերը, ինչի՞ չեք բաժանել, ի՞նչ եք եկել հիմա ինձնից ուզում։

Այսպիսի խոսակցություն այսօր տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Մանվել Գրիգորյանի նախկին օգնականի միջեւ՝ կառավարության դիմաց զոհվածների մայրերի բողոքի ակցիայի ժամանակ, որին մասնակցում էր նաեւ Գրիգրոյանի նախկին օգնականը։

Երբ Գրիգորյանի նախկին օգնականը հարցրեց՝ կարելի է՞ արձագանքել, Փաշինյանը կտրուկ պատասխանեց․

«Ո՛չ, ձեզ չի կարելի»,- ասաց վարչապետն ու մտավ կառավարության շենքի դռներից ներս։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հանդիպեց զոհված զինծառայողների մայրերի հետ, որոնք առավոտից կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով բոլոր զոհվածների ընտանիքներին հատկացնել 30 մլն դրամ փոխհատուցում, ինչպես Մարտի 1-ի զոհերի ընտանիքներին։

Զինծառայողների մայրերը՝ «Զինվոր» հ/կ համագործակցուփյունների համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի գլխավորությամբ նշեցին, որ իրենք ակնկալում են, որ կառվարությունն այսօրվա նիստում որոշում կկայացվի եւ բոլոր զոհվածներին կհատկացվի 30 մլն դրամ, հակառակ դեպքում՝ իրենց պատրաստվում են նստացույց անել կառավարության շենքի մոտ։

Փաշինյանը փորձեց մայրերին բացատրել իրավիճակը․ «Երբ 2018-ին դարձա վարչապետ, ՀՀ զինծառայողների պաշտպանության հիմնադրամը վճարում էր 2017-ի հունվարի մեկից հետո տեղի ունեցած դեպքերի համար։ Առաջին որոշումներից մեկը, որ կայացրինք, այդ հիմնադրամի գործունեության ժամկետը երկու տարով տարանք հետ՝ վճարել 2014 թվականից։ Էդ որոշումը, որ կայացրինք, նախորդ տարվա օգոստոսն էր, սեպտեմբերի 21-ի առիթով Եռաբլուրում էինք, եւ այդ օրը մեր կողմից շատ հարգված սեւազգեստ եւ զինվորի զոհված մայրեր մոտեցան մեզ, եւ ինձ ասացին՝ մենք ձեզնից խորապես վիրավորված ենք, վիրավորել եք մեզ։ Ես ասացի՝ կներեք, բայց ի՞նչ եմ արել, որ վիրավորել եմ։ Իրենք պատասխանեցին, որ 1000 դրամների հիմնադրամը հետ եք տարել երեք տարի, բայց մեր երեխաները զոհվել են 2011-ին, եւ մենք խորապես վիրավորված ենք։ Ես ասացի, մեր հարգելի մայրեր, բոլորիդ առաջ խոնարհվում եմ, բայց էդ որոշման մեջ դուք ոչ թե վիրավորանք պիտի տեսնեք ձեր հասցեին, այլ պետք է քաջալերվեք, տեսնելով, որ կառավզրությունն այս պահին քայլ է արել եւ այդ ուղղությամբ է գնում։ Դրանից մոտ 7 ամիս հետո նույն հիմնդրամի հետ կապված որոշում կայացվեց, որ սկսենք վճարել 2008 թվից հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի համար։ Այսինքն մի տարվա մեջ մենք վճարման դեպքերն ինը տարով հետ ենք տարել։ Ես մի քանի անգամ հայտարարել եմ, որ հինմնադրամը պետք է հետ գնա մինչեւ իննսունականներ»,- պարզաբանեց վարչապետը։

Նա նշեց, որ արդեն շրջանառվում է մի փաստաթուղթ, որով մարտական հերթապահության ժամանակ զոհված կհամարեն ոչ միայն այն զինվորները, որոնց զոհվել են հենց սահմանին՝ ավտոմատն ուսին, այլ նաեւ նրանք, որոնք զոհվել են նաեւ թիկունքում, օրինակ, դիրքերից հետ դառնալիս։