5 փաստ «Լիվինգսթոնի» մասին, որը կճախրի «Համալիրում»

Սեպտեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում շուտով նոր ռեստորան է բացվելու. կառավարությունը որոշում կայացրեց «Հայր եւ որդի Երեմյաններ» ընկերությանը վարձակալությամբ տարածք հանձնելու մասին: «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը բացել է նախագծի փակագծերը Banks.am-ին տված հարցազրույցում, որից մի քանի փաստ ենք առանձացրել:

Տեղը

«Լիվինգսթոնը» գործելու է մարզահամերգային համալիրի 9-րդ հարկում: Տարածքը կառուցվել էր 1986 թվականին եւ նախատեսված էր հենց ռեստորանի համար, սակայն ինչ-ինչ պատճառներով երբեք չէր շահագործվել:

Փորձել ենք հնարավորինս պահպանել հինը: Իրականացրել ենք ամրացման եւ վերանորոգման աշխատանքներ, նորացրել ենք պատշգամբները, իսկ առաստաղը գրեթե անփոփոխ ենք թողել:

Պատշգամբից աներեւակայելի տեսարան է բացվում Երեւանի եւ Մասիսների վրա։

Ձեւաչափը

Ե՛վ մեր հայրենակիցները, եւ՛ արտասահմանյան հյուրերը հաճախ էին հարցնում, թե ռեստորաններում ճաշելուց կամ ընթրելուց հետո որտեղ կարելի է շարունակել երեկոն: Հաճախակի լինելով արտերկրում, ուշադրություն էի դարձնում յուրօրինակ կոնցեպտներով ռեստորաններին, ուր հաճախորդներն այցելում էին երեկոյան ժամերին՝ հետաքրքիր միջավայրում ամփոփելու հագեցած օրվա ավարտը։

Այստեղից էլ ծնվեց մայրաքաղաքում նոր ձեւաչափով ռեստորան բացելու միտքը, որը հյուրերին համեղ խոհանոցից բացի կառաջարկի մեր ժամանցային վայրերին ոչ բնորոշ նոր մշակույթ:

Անվանումը

Անվանումը թելադրում է շենքի ճարտարապետությունը՝ թեթեւ ու սլացիկ կամարները թռիչքի, մեծ թռչունի թեւերի լայն բացվածքի, ճախրանքի զուգորդություններ են առաջացնում։ Մտնում ես ներս, կանգնում ես պատշգամբներից մեկում եւ վայելում ես երկինքն ու ազատությունը: Լիվինգսթոն ճայն է՝ իր տարբերվելու փիլիսոփայությամբ, իր ազատության գաղափարախոսությամբ։

Խոհանոցը

Նոր ռեստորանի ճաշացանկում ընդգրկել ենք ինչպես հայկական, այնպես էլ եվրոպական բարձր խոհանոցի ամենապահանջված ճաշատեսակները: Ունենալու ենք նաեւ ֆիրմային ուտեստներ՝ հյուրերին ընձեռելով նոր համեր բացահայտելու հնարավորություն։

Երաժշտությունը

Մինչեւ 23։00-ը «Լիվինգսթոն»-ի նվագախումբը ներկայացնելու է 1960-70-ականների ամենահայտնի մեղեդիները, իսկ հետո պարահրապարակում կհնչեն ժամանակակից ակումբային ռիթմերը հայտնի դիջեյների եւ բենդերի կատարմամբ: