Արթուր Գեւորգյանի ֆեդերացիան դատի է տվել Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ՀԱՕԿ-ին

ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան դատական հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Նշենք, որ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն ԱԺ նախկին պատգամավոր, Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գեւորգյանն է, իսկ ՀԱՕԿ նախագահն ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Հայցը ներկայացվել է սեպտեմբերի 20-ին: Գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանին:

Բռնցքամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչ Վահե Սեդրակյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ պահանջում են բռնցքամարտի ֆեդերացիան ՀԱՕԿ-ի կազմից հեռացնելու որոշումն անվավեր ճանաչել. «Այդ որոշումը վիճարկելու, անվավեր ճանաչելու համար դիմել ենք դատարան»:

Սեդրակյանի խոսքով՝ իրավական ոչ մի խոչընդոտ չկա հայցը վարույթ ընդունելու համար:

Նշենք, որ հուլիսի 24-ին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն արտահերթ գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ իր կազմից հանեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը նշել էր, որ ֆեդերացիայի նախագահի ընտրությունները տեղի էին ունեցել խախտումներով: