Պետական գաղտնիք հրապարակողը ազգի դավաճան է. Արթուր Վանեցյան. Aravot.am

Պետական գաղտնիք հրապարակողը ազգի դավաճան է: Այս մասին Aravot.am-ին ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով իր վերջին հարցազրույցին, երբ ասել էր՝ «Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել առանց հետևանքների մասին մտածելու» եւ այդ հարցազրույցին «Իմ քայլը» խմբակցության եւ ԱԺ այլ պատգամավորների արձագանքներին, թե Արթուր Վանեցյանը, եթե հասարակական հետաքրքրություն պարունակող տեղեկատվություն ունի, պիտի հրապարակի։

«Ուզում եմ՝ հստակ մի բան արձանագրենք, այն անձը, որն իր ծառայության ընթացքում ՝ կլինի զինվորական, թե ոչ զինվորական, հայտնի են դարձել պետական գաղտնիքներ, եթե այդ անձը երբեւիցե որեւէ պարագայում հրապարակի այդ գաղտնիքները, ուրեմն նրան պետք է հռչակեն ազգի դավաճան: Պետական գաղտնիք հրապարակողը ազգի դավաճան է»,– ասել է նա:

Դիտարկմանը, թե ձեր հեռանալուց հետո քրեական գործեր հարուցվեցին նախկին ոստիկանապետի, ՊԵԿ նախկին նախագահի, Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններից մեկի տնօրենի, ՊՆ նախկին նախարարի ու մի շարք այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հանդեպ, պարոն Վանեցյանը պատասխանել է. «Բո-լո-րը, բոլոր նրանց ում անունները տվեց, այդ որ հիմա ասում է սկանդալային բացահայտումներ են լինելու… Բեգլարյանի, դրանք իմ օրոք հարուցված քրեական գործերով է, իմ օրոք օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալներ են, մի օրում քրեական գործ չի հարուցվում ու մեղադրանք չի առաջադրվում, թող վերցնեն բոլոր քրեական գործերը եւ նայեն, թե ով է դա արել»: