Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործը դեռ չի հանգուցալուծվի

Գործարար Սիլվա Համբարձումյանն ու նրա ներկայացուցիչն այսօր` ապրիլի 16-ին չէին ներկայացել Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով նախնական դատական նիստին:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը հայտարարեց, որ պատասխանողը պատշաճ ծանուցված չէ դատական նիստի օրվա և ժամի մասին: Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը դատարանին տրամադրեց Համբարձումյանի հաշվառման վայրի երկու հասցեներ` նրան պատշաճ ծանուցելու համար: Դատարանը որոշում կայացրեց Համբարձումյանին պատշաճ ծանուցելու համար դատական նիստը հետաձգել և նշանակել սեպտեմբերի 26-ին:

Նշենք, որ երկրորդ նախագահի ներկայացուցիչները դիմել են դատարանին՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու եւ երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով:

Հայցադիմում ներկայացնելու հիմք է հանդիսացել Սիլվա Համբարձումյանի կողմից 2018 նոյեմբերի 2–ին «Հայացք» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ հնչեցված հետեւյալ արտահայտությունը․ «Ես 2008 թվականին խոշոր գործարք եմ արել արաբների հետ եւ ինձ չխանգարելու համար վճարել եմ Հանրապետության նախագահին՝ Քոչարյան Ռոբերտին»

Ավելի ուշ, Համբարձումյանը հերքել էր իր այս հայտարարությունը` ասելով, որ գումարը տվել է գործարար Սամվել Մայրապետյանին, իսկ թե նա ում է փոխանցել, տեղյակ չէ։ Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սամվել Մայրապետյանի նկատմամբ կաշառքի մեղադրանքներն առաջադրվել էին հենց Սիլվա Համբարձումյանի ցուցմունքների հիման վրա։