ՀՀ դեմ Թուրքիայի օդային հարձակման» մասին հոդվածի հետքերով

Նոյեմբերի 27-ին ստոկհոլմյան Nordic Monitor կենտրոնը հրապարակել է 2016թ․ թվագրվող գաղտնազերծված մի փաստաթուղթ, որն ուղղված է Թուրքիայի ԶՈւ ԳՇ–ին։ Փաստաթղթում ասվում է՝ «Աքընջը ավիաբազայում արված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Հայաստանի դեմ Թուրքիայի ռազմաօդային ուժերի «Օղուզթյուրք» անունով օդային գործողության 2001թ․ հաստատված պլանում կան բացակա էջեր»։

Ստոկհոլմյան կենտրոնը փաստաթղթում տեղ գտած այս նախադասությունը մեկնաբանել է այնպես, որ «Թուրքիան Հայաստանի դեմ 2001թ․ օդային հարձակում է ծրագրել»։ Նշենք, որ այս կամ նմանատիպ փաստաթղթի գոյությունը ինքնին առտառոց երևույթ չէ, այլ պրագմատիկ անհրաժեշտություն:

Ընդունված պրակտիկա է, որ անկախ հարաբերությունների բնույթից և մակարդակից, տարբեր երկրների գլխավոր շտաբերում մշակվում են իրար դեմ մարտական գործողությունների տարբեր սցենարներ: Տրամաբանական է, որ նման սցենարներ Հայաստանի դեմ ունի նաև Թուրքիան:

Ըստ այդ փաստաթղթերի՝ գործողությունը պետք է ղեկավարեր Թուրքիայի ռազմաօդային ուժերի երկրորդ հրամանատարությունը, որի ավիաբազաները տեղակայված են Թուրքիայի արևելյան մասում, բազաների տեղաբաշխմանը կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված քարտեզում:

Թեմայի վերաբերյալ հետաքրքիր նկատառում է արել ԱՄՆ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների ինստիտուտի վերլուծաբան Էմիլ Սանամյանը.Հաշվի առնելով, որ պլանը հաստատվել է 2001-ին, իսկ բացակա էջերի վերաբերյալ զեկուցվել է 2016-ին՝ կարելի է ենթադրել, որ այս տարիների ընթացքում նոր պլան չի կազմվել, կամ առնվազն այս պլանը չի վերանայվել:

Ընդհանուր կոնտեքստում կարևոր ենք համարում նաև անդրադառնալ տեղեկության աղբյուրին, և հոդվածի հեղինակին, քանի որ դա էականորեն ազդում է տեղեկատվության արժանահավատության վրա:

Nordic Monitor ընկերության հայտարարված նպատակն է Թուրքիայում ծայրահեղականության, ահաբեկչության, տարբեր հանցագործությունների և այլ թեմաների ուսումնասիրությունն ու մշտադիտարկումը։ Ընկերության կայքում մշտապես հրապարակվում են գաղտնազերծված փաստաթղթեր կամ տեղեկություններ, ինչպես նշում են իրենք։

Կայքի գլխավոր խմբագիրը Աբդուլլահ Բոզքուրթն է։ Օբյեկտիվության համար պետք է նշել, որ նա եղել է Թուրքիայում ահաբեկչական կառույց համարվող Գյուլեննականների Zaman թերթի ամերիկյան մասնաճյուղի՝ Today’s zaman օրաթերթի ղեկավարը, սակայն թերթը թե՛ Թուրքիայում, թե՛ ԱՄՆ–ում փակվել է 2016թ․։

Դրանից հետո Բոզքուրթը եղել է նաև «Մուհաբիր» լրատվական գործակալության տնօրենը, որը Թուրքիայի կառավարությունը փակել է 2016թ․ հուլիսին։ Նշենք նաև, որ սոցիալական ցանցերում կարծիքներ են պտտվում, որ Բոզքուրթը հայտնի է հակաէրդողանական ապատեղեկատվություններ տարածելով։

 

razm.info