Իրանում ցույցերի ժամանակ 200-ից ավելի մարդ է սպանվել

Ավելի քան 200 մարդ է սպանվել Իրանում վառելիքի գնաճի դեմ բողոքի ակցիաների ժամանակ: Այս մասին հայտնում է Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը: Կառույցի տվյալներով՝ սպանվածների ճշգրիտ թիվը 208 է, Իրանի հարցով փորձագետների համոզմամբ՝ զոհերի թիվը կարող է ավելի շատ լինել: Իրանում զանգվածային բողոքի ցույցերը մեկնարկել են նոյեմբերի 15-ին, երբ կառավարությունը շուրջ 200 տոկոսով թանկացրել է վառելիքը: Ոստիկանության կողմից առաջին ցույցերը ցրելու գործողություններին զուգահեռ երկրում արգելափակվեց ինտերնետ կապը: Amnesty International-ը պնդում է, որ «իրանական անվտանգության ուժերը սարսափելի գործողություններ են ձեռնարկել սեփական քաղաքացիներին սպանելու ուղղությամբ». իրավապաշտպանները վկայակոչում են իրենց կողմից ստուգված տեսանյութերը, որոնցում, ինչպես նշում են, արձանագրվել է անզեն մարդկանց վրա կրակոցները: Իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ զոհերի հարազատները իշխանություններից նախազգուշացում են ստացել` լրագրողների հետ չշփվելու և հուղարկավորության արարողություն չկազմակերպելու մասին:

 

 

 

 

azatutyun.am