Համազասպ, մի քիչ զուսպ եղեք եւ տարրական բարոյականություն ունեցեք.Աժ-ում թեժ է

Հարց հնչեց, թե ինչ է արել ԲՀԿ-ն. ես կարծում եմ, դուք պետք է տարրական բարոյականություն ունենաք նման հարց չհնչեցնելու համար: Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ-ում իր ելույթում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի ելույթին:

«Համազասպ, մի քիչ զուսպ եղեք: Այն, ինչ արել է ԲՀԿ-ն, երեւի թե քաղաքական ձեր փոքր կենսադրությունը թույլ չի տալիս դա գնահատելու եւ հասկանալու: Երկրորդ, արդեն եկել է անկեղծության պահը: Մի քիչ համեստ եղեք, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, եթե չլիներ Սասուն Միքայելյանը եւ եթե չլինեին 1-2-ը, հարց եմ տալիս, որտե՞ղ կլիներ ձեր գերակշիռ մեծամասնությունը: Հաստատ ոչ այս դահլիճում: Տարրական հարգանք ունեցեք քաղաքական փորձառություն ունեցող քաղաքական ուժերի եւ գործիչների հանդեպ: Մի փորձեք հանրությանը վախեցնել հակահեղափոխության որվականով եւ ստվերներով: Մի փորձեք ամեն տեղ, ամեն անկյունում թշնամիներ գտնել: Ես հասկանում եմ, որ քանի որ գործ չկա անելու, ինչ է մնում անել, մնում է փնտրել, գտնել թշնամիներ: Չի աշխատելու, բավական է, վերջ, այդ գործելաոճը իրեն սպառել է:

Եթե ձեզնից շատերը իրենց կրծքանշանը հանեն, որի վրա գրված է ԱԺ պատգամավոր, վստահեցնում եմ՝ ձեզն, ոչ ոք չի վաստակել այդ իրավունքը, այստեղ, այս ամբոնից ասել, որ ԲՀԿ-ն ներկայացնում է անհեթեթ նախագիծ: Պարոն Միրզոյան, խնդրում եմ ֆիքսեք ձեր պատգամավորի խոսքը: Մի ամբողջ խմբակցության նախագծին տրվում է «անհեթեթ» որակումը.,-հայտարարեց Զոհրաբյանը:

Նա անդրադարձավ ԲՀԿ-ի առաջարկած նախագծին, որը ենթադրում է, որ նոր բանակ զորակոչված տղաները առաջին մեկ տարում չպետք է ծառայություն անցկացնեն առաջնագծում. «Այսինքն, երբ մենք խոսում ենք զինվորների մայրերի, ծնողների հետ, երբ առաջնագծում կանգնած երեխաներն ասում են՝ սատարեք մեզ, բերեք նախագիծը եւ մի տիկին այստեղ ասում է, որ նախագիծն անհեթեթ, է սա խոսում է ձեր քաղաքական դաստիարակության, ձեր քաղաքական վարքագծի բացակայության մասին: Մի եղեք այդքան մեծամիտ, ամեն օր պարտական եղեք Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին, եւ եւս 1-2-ին, որ դուք այսօր այստեղ ուղղակի նստած եք զուտ պատահականորեն»:

Նաիրա Զոհրաբյանի ելույթին հաջորդեցին ծափահարություններ: